«Մի՛ ուրացեք ձեր ընկերոջը». ինչո՞ւ Վանոն մեզ հետ չի (Video)
1in.am-ը գրում է.Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, նա դառնում է 68 տարեկան, ու ես այս քանի օրը իմ տեղը չեմ գտնում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանը:
«Մի ուրացեք ձեր ընկերոջը, ես նկատի ունեմ՝ մեզ, իմ տարեկիցներին, մեր սերնդին, արցախյան շարժման գործիչներին, որոնք զբաղեցնում են պաշտոններ, որոնք ազատամարտը համարում են իրենց ներդրումը, որոնք այսօր տարբեր քաղաքական ուժերում են՝ ՀՀՇ, ՀԱԿ, ԲՀԿ և այլն: Ինչո՞ւ Վանոն մեզ հետ չի. ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ես գիտեմ, որ սա անարդար մի բան է, հատկապես, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 13-ի հրամանագրով Ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանը պարգևատրվեց: Սա նշանակում է, որ քրեական գործ կոչվածը դրեցինք մի կողմ, նա չկա այլևս: Այս դեպքում միայն քաղաքական կամք է պետք՝ ներկա անթույլատրելի վիճակը վերացնելու համար»,- ընդգծեց Բլեյանը:
Նա հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը եղել է ղարաբաղյան շարժման ամենավառ դեմքերից մեկը: «Մեր Վանոն 1990-92 թվականների Հայաստանի անկախ պետականության հիմքերը դնողներից էր, ՀՀՇ վարչության նախագահն էր, երբ ՀՀՇ-ն ամենակարևոր փոփոխություններն արեց՝ սեփականաշնորհում, անկախության հանրաքվե, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների ներդրում և այլն: Նա 1992-94 թվականներին զբաղեցնելով ՆԳ նախարարի պաշտոնը՝ խիզախություն ու քաջություն ունեցավ խուժանի ու հրացանավոր մարդու դեմ ելնել, երբ քաղաքում վտանգավոր էր կրիմինալի դեմ դուրս գալը, երբ ոստիկանությունն անպաշտպան էր մնացել: Եվ ահա Վանոն գնաց այդ ինքնազոհությանը, վերցրեց այդ առաքելությունը ու կատարեց:
Բացի այդ, ՆԳՆ-ն իր ողջ համակարգով առաջավոր գծում էր: Հարյուրավոր ոստիկաններ զոհվեցին Լաչինում, Նոյեմբերյանում և այլուր: Դա Վանոն էր: Եթե մի տեղ Վազգեն Սարգսյան ենք ասում, սպարապետ ու հերոս, բայց Ներքին զորքերն էլ իր հրամանատարներով Վանոն էր գլխավորում: Ու այսքանից հետո այսօր ինչո՞ւ պիտի Վանոն մեզ հետ չլինի: Ի՞նչն է խանգարում, որ նա լինի իր Հայաստանում, շարունակի ապրել, գրել, գործել»,-ասաց Բլեյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
