Մի հատ Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ. Սեյրան Սարոյան . News.am
Մի հատ Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն` անդրադառնալով «Ելք» դաշինքի` 20 րոպեանոց ընդմիջումներին:
«Երեկ Ծառուկյանենք իրանց լսեցին գնացին, էսօր իրանք Ծառուկյանենց դավաճանեցին չգնացին, տեսա՞ք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ճիշտ է, «Ելք»-ի պատգամավորները մնացել են դահլիճում, բայց չեն մասնակցում քվեարկությանը, Սարոյանն ասաց. «Ահ, զաթո իրենց գործն անում են, ջայնամ չեն քվեարկում: Լսի, որ մի բան, որ գիտես չի անցնելու, հա թող չմասնակցեն, մեկ ա առանց իրանց էլ կքվեարկենք»:
Հիշեցմանը, որ ԱԺ կանոնակարգն է հնարավորություն տվել «Ելք»-ին 20 րոպեանոց ընդմիջումներ վերցնել ամեն քվեարկությունից առաջ, ՀՀԿ խմբակցության պատգամավորը նկատեց. «Ես բան եմ ասե՞լ, բայց գործը սենց խանգարել, սենց ընդհատել չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հա ի՞նչ, յանիմ ի՞նչ, չեն էլ մասնակցում քվեարկությանը, գոնե գան դեմ քվեարկեն, այսինքն ի՞նչ ա նշանակում, գան բոյկոտե՞ն: Ի՞նչ քաղաքական դիրքորոշում, բայց անցա՞վ: Որտե՞ղ անցավ իրանց դիրքորոշումը, քվեարկեցինք անցավ, երկու ժամ էլ ավել կմնանք, մթոմ մեզ ինչ ա եղել»:
Դիտարկմանը, որ մշտապես ՀՀԿ-ն խոսում է խորհրդարանական երկրի մասին, Սարոյանը ընդհատեց լրագրողին և ասաց. «Էլի խոսում ենք, հլը տես մի հատ Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ»:
Հարցին` կրա՞կն եք ընկել ընդդիմության ձեռքը, գեներալ պատգամավորը նշեց. «Տո չէ հա, ո՞ւր ա ընդե ընդդիմություն: Իրանց ոչ մի բան էլ չի հաջողվել: Հաջողվա՞վ, դե տեսար, բան չեղավ որ չանցնի: Սաղն էլ քվեարկեցինք անցավ, գնաց, ըհը: Հա Նիկոլը թող խոսա»:
Միևնույն ժամանակ Սարոյանը չհամաձայնեց, որ պատգամավորները գերի են մնացել ԱԺ-ում. «Տո խի՞ ենք գերի, մեր գործն ա, պետք ա մինչև ժամը վեցը մնանք: Տո ե՞րբ չենք մնացել, մեր նման պարտաճանաչ պատգամավոր կա՞: Սկի ավագանին (նկատի ունի ԱԺ աշխատակազմը-խմբ) չի գալիս էդքան շուտ առավոտը գործի, բայց մենք արդեն եկած ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կատակով ասված խոսքին, թե իրենց պետք է ՀՀԿ-ն պատիվ տա, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Հա կտանք, գրող կտանք: Իրանք թող մեզ պատիվ տան, իրանք վրդովվեն մենք պատիվ տա՞նք: Ուրիշ բան մենք արած ըլնեինք մենք կանեինք: Թող Սասունն էթա Հրազդանից տնական հավերը բերի, մեզ պատիվ տա»:
Նշենք, որ «Ելք» խմբակցության 6-րդ անգամ ընդմիջում վերցնելուց հետո գեներալ Մամվել Գրիգորյանը բարձրաձայն հայհոյում էր «Ելք»-ին, բայց երբ լրագրողները մոտեցան, նա արդեն հանդարտվել էր:
