Մի հայհոյանքի պատճառով կրակել է հարեւանի ուղղությամբ
Օրերս Կոտայքի մարզի Հացավան գյուղում ուշ երեկոյան կրակոցներ են հնչել: Գյուղապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ: Այնուհետեւ կռվի մասնակիցներից մեկը վրդովված հեռացել է եւ քիչ անց վերադարձել հրացանով` կրակոցներ արձակելով իր հակառակորդների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Դեպքից հետո բաժին է բերման ենթարկվել կրակոցներ արձակողը եւ խոստովանել կատարվածի մասին: Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է:
Վերոնշյալ դեպքի մասին առավել մանրամասն Fnews.am-ի հետ զրույցում ներկայացրեց Հացավան գյուղի գյուղապետ Շավարշ Սարգսյանը.
-Դեպքը գիշերը ուշ ժամին է եղել, մթին` մեկը մյուսին չի էլ ճանաչել, այն ինչ կողք-կողքի հարեւաններ են, նույնիսկ բարեկամական կապեր ունեն: Խփելուց հետո նոր է հասկացել, որ հարեւանի տղայի` Մաքսիմի վրա է կրակել: Մաքսիմը վերեւից հեռախոսով բարձր խոսելով, հայհոյելով բարձրանալիս է եղել, էն մյուսն էլ` Արմանը, ներքեւից: Արմանին թվացել է, թե հայհոյանքները իրեն են ուղղված, սկսել են վիճաբանել: Մի հայհոյանքի պատճառով է էս ամբողջ պատմությունը եղել: Երկուսն էլ արտագնա աշխատանքի են գնում ՌԴ, կրակողը ամուսնացած է, իսկ տուժողը` ոչ: Երկուսն էլ տեղը-տեղին հարբած են եղել դեպքի պահին:
Տաթեւիկ Աբրահամյան
