ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՍՅԱ ՄԱՅԼԵ – ԲՈՂՈՍԵԱՆ
Ծնվել եմ Թեհարնում, մեր ընտանիքի երկրորդ զավակն եմ: Ինձանից առաջ Գառնիկն է, ինձ էլ Ասյա անվանեցին, ռուսահայերեն անուն էր, կնունքի ժամանակ քահանան կասե ռուսական անուն է Ասյան, լավ է մեկ հատ էլ հայկական անուն՝ Արուսյակ կնքենք: Բայց Ասյան մնաց դոքումենթների մեջ, փոքրուց ինձ Աչիկ կանչեցին: Հիմա ես Թեհրանում Աչիկ եմ, Գերմանիայում՝ Աչիկ Մայլե, Հայաստանում՝ Ասյա: Ինձանից հետո ծնվեցին ևս երեք եղբայրներ՝ Վասիլ, Նժդեհ, Վրեժ, պապես՝ Թադեոս,մամես՝Մարիամ: Մեր մանկության տարիքին Թեհրանը շատ խաղաղ քաղաք էր՝ փողոցները լայն առուներով ու ծառերով: Փողոցները ասֆալտած չէին , ամեն առավոտ քաղաքի մաքրարաները հատուկ ամաններով առուներից ջուր էին վերցնում ու ջրում փողոցները: Ժողովուրդը կառքերով էին տեղափոխվում, երեխաներիս, համար շատ հաճելի էր:
Մամես մեզ մանկապարտեզ ուղարկեց, դպրոց գնալու տարիքին հայոց դպրոց չկար ու ստիպված պարկական պետք է գնայինք: Մեր ժամանակվա թագավորի հայրը գնացել էր Թուրքիա և Աթաթուրքը պատվիրել էր թագավորին, վերադառնալուն պես Հայոց դպրոցը փակել: Պարտավորված գնացինք պարսկական դպրոց, կարգին պասկերեն էլ չգիտեինք, որովհետև մենք մեր մայր լեզվով էինք խոսում: Մայրս և բոլոր այն ծնողները, ովքեր գրագետ էին, իրենց զավակներին գրել կարդալ սովորեցրեցին: Թեհրանում ապրածս տարիներին տեսել եմ երկու թագավոր և չորս թագուհի: Հայր Շահը երեք կին ուներ, բայց միայն առաջինը կանվանվեր թագուհի, իսկ տղան՝ մեր ժամանակվա Շահը, երեք անգամ ամուսնացավ, որի կանայք, երեքն էլ թագուհի եղան: Առաջինը՝ Ֆոզիյեն՝ Եգիպտոսի թագավորի քույրն էր, գեղեցկուհի էր, իրական փրինսես:
Եգիպտական թագավորկան խումբը Թեհրան հասավ գնացքով:
Գերմանացիները Թեհրանում մի շքեղ, մարմարե երկաթուղակայարան էին սարքել: Իսկ պարսկական ու եգիպտական փրինսները պալատական մեքենաներով մեր փողոցի մոտով անցան մինչև պալատները: Ժողավուրդը կանգնած հետևում էր շքերթին, մեքենան բաց էր և բոլորս տեսանք Ֆոզիեի գեղեցկոթյունը: Ֆոզիեն մի աղջիկ ունեցավ, անվանակոչեցին Շահնազ, բայց Ֆոզիեն կարճ ժամանակ ապրեց Թեհրանում, վերադարձավ Եգիպտոս: Թագավորի երկրորդ կինը, կապուտաչյա գեղեցկուհի Սորայան էր: Մայրը գերմանուհի էր, հայրը՝ պարսիկ: Զավակ չունենալու պատճառով, թագավորին ստիպեցին թողնել Սորայային: Չնայած այն բանին, որ թագավորը շատ էր սիրում թագուհուն , այնուամենայնիվ ենթարկվեց իրենց օրենքներին՝ Սորայան վերադարձավ Գերմանիա: Մի քանի տարի անց, Ֆարան անունով մի գեղեցկուհի Փարիզից եկել էր Թեհրան ուսանողական օգնություն ստանալու, Շահնազի ամուսինը տեսել էր ու հավանել: Ներկայացրեց թագավորին, նա էլ հավանեց և սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել: Շատ շքեղ հարսանիք էր: Ֆարանը շատ բարեսիրտ ու սպորտասեր աղջիկ էր, մի քանի հայ ընկերուհիներ էլ ուներ: Նա զարկ տվավ պալատի գործունեությանը՝ գնում էր հիվանդանոցները, օգնում հիվանդներին: Նա էլ նախորդ կանանց նման լավ վերջ չունեցավ: Աշխարհին հայտնի է, թե ինչպես Շահին ստիպեցին ընտանիքով՝ կինը, փոքրիկ աղջիկը և իրենց շունը լքեն երկիրը և ուղարկեցին մի երկիր, որտեղ թագավորը չէր ուզում: Կարդացել եմ Սայրուսվանա գիրքը, որտեղ գրել էր այդ կղզում անցկացրած դժոխային կյանքի մասին: Վերջապես ամերիկացիները ընդունեցին նրանց, այնտեղից էլ գնացին Եգիպտոս, որտեղ և թագավորը մահացավ, իսկ Ֆարանը երեխաների հետ տեղափոխվեց Ամերիկա: Պատմեմ մեր հայերի կյանքից ու ապրուստից:
Երբ ֆաշիզմը պարտվեց
և հայր Շահը աքսորվեց, Հայոց դպրոցը կրկին բացվեց և մենք, հայերս, դիմեցինք ուսանելու հայկական դպրոցում: Ինձ գրանցեցին երրորդ դասարան: Մեր երգի պարոնը՝ Աշոտ Պատմագրյանը, սկսեց մեր ձայները լսել, որ կարողանար երգչախումբ բանալ: Երբ մոտեցավ ինձ և ասաց, որ երգեմ, ամաչեցի, ոչ խոսեցի, ոչ էլ երգեցի: Կողքիս աղջիկը ելավ և այնպիսի մի խայտառակ ձայնով սկսեց երգել, որ պարոնն ասաց հերիք է, նստիր: Ես միանգամից ելա ու ասացի կերգեմ, երբ ձայնս լսեց, միանգամից անունս գրեց երգչախմբում: Շատ գեղեցիկ ծրագրեր պատրաստեց, դերերը բաժանեց ինձանից մեծ աղջիկներին, ինձ էլ մի փոքրիկ դեր տվեց: Ես սովորեցի բոլոր երգերը և ամռան արձակուրդներին հավաքեցի շրջապատի երեխաներին և ամեն երգերը սովորեցրեցի նրանց: <<Ծաղիկներ>> անունով տեսարան բեմադրեցինք: Հաջորդ տարին էլ <<Քինա քինա>> բեմադրեցինք: Հայոց գրքի մեջ էր այս պատմությունը՝ մի քաղաքում եվրոպացիները հիվանդանում են մալարիայով և ճարն էլ քինա քինան էր: Երբ եվրոպացիներն հիվանդանում էին, տեղացիները նրանց չէին ասում ճարի մասին, բայց նոր եկած իշխանին ու իշխանուհուն սիրեցին: Իշխանուհին հիվանդանում է, նրան տալիս են այդ ճարից ու ապաքինվում է: Ես խաղում էի իշխանուհու դերը, մամես էլ հուշարարն էր:
Պատերազմից հետո Պարսկաստանում կյանքը շատ դժվար էր: Աշխատանք չկար ու շատ ծնողներ չէին կարողանում դպրոցի համար վճարել: Նրան զավակների համար վճարում էին ունևոր ընտանիքները, որոշներն էլ շոր ու կոշիկ էին տալիս երեխեքին: Հայ բարեգործական միությունը անչափ հոգատար եղավ, թե երեխաներին, և թե ծնողներին: Հայերն սկսեցին գործարաններ բանալ և ողջ եվրոպական ապրանքների ներկայացուցիչները հայերն էին: Դպրոցներ բացեցին, կողքին եկեղեցի կառուցեցին բոլորով իրար օգնեցին, փողոցում ոչ մի հայ մուրացկանի չէիր տեսնի: Դասագրքերը բերվում էին Հայաստանից, սկսեցինք հայերենն ավելի լավ սովորել: Մի օր մի պարսկական մեծ գրատանը բլուրի պես կուտակված հայերեն գրքեր տեսանք, այդ փողոցը հայկական թաղամաս էր, հայերը կապոց կապոց գրքեր էին գնում, ինչքա՜ն էժան, մենք էլ ինչքան կարող էինք վերցրեցինք, մնացածն էլ մյուս օրը եղբորս՝ Գառնիկի հետ տոպրակ տարանք և տունը լցրեցինք գրքերով:
Եվ այսպես Թեհրանի հայերի տներում սարքվեց գրքերով գրադարաններ: Սկսեցինք կաամաց կամաց կարդալ, մամեն ու պապեն ուրախ էին շատ, որ հետաքրքրված ենք հայ գրականությունով: Իրենք էլ սկսեցին կարդալ և հաճույք ստանալ: Պապես մինչև 95 տարեկան կարդում էր, մինչև աչքերը թուլացան, մեկն էլ կուրացավ: Մահացավ 100 տարեկանում: Պատերազմի ավարտից հետո, չնայած այն բանին, որ մեր վիճակն էլ լավ չէր, մտածում էինք ինչով կարող ենք օգնել հայրենիքին: Մեր միության կանայք, մամես Էլ նրանց հետ, սպիտակեղեն ու հագուստ էին կարում և ուղարկում Հայաստան:
Պարսկաստանում Ռադիոն 15 տարի ուշ եկավ: Երբ արդեն Թեհրանում էլ ռադիո կար, մամիս, պապիս հետ գնացինք ռադիո գնելու: Հիշում եմ, ռադիոների մի մեծ խանութ էր բացվել ,,Մարքոնի,, անունով, տարբեր չափսերի և որակի ռադիոներ էին վաճառվում, մտանք ներս, մամես ասաց, որ մի ռադիո է ուզում գնել, որը Երևան կբռնի, ծախողն հարցրեց, թե խանում, Երևանը որտե՞ղ է, մամես ասաց. Արմենեստան , նորից՝ Արմենեստանը ո՞ ր երկրի մոտ է:
Մամես ասաց. Մոսկով: Խանութի տերն ասաց. Գնացեք 15 օրից եկեք, ես ձեր ուզաց ռադիոն կգտնեմ: Եվ իրավ, երբ գնացինք, շվեդական մի գեղեցիկ ռադիո գնեցինք: Սկսեցի ռադիոից հայերեն երգեր սովորել, թե ռոմանսներ, թե աշուղական: Լինում էին բառեր, որ իմաստը չէի հասկանում, մի նման բառ էի գրում: Թեհրանում միակ, Հայաստանի երգեր իմացողն էի ու շատերն էին գալիս մոտս, որ իրենց էլ սովորեցնեմ: Քուշեղ դպրոցը շատ հեռու էր ու ճանապարհը դժվար, փոքր երեխաներ ունեցող ծնողները դժվարանում էին նրանց դպրոց տանել, ստիպված Սուրբ Գևորգ եկեղեցու շրջակայքում որոշեցին դպրոց բացել: Մի պարսիկ էլ, ով մոտ էր հայ ծնողներին, ասել էր, որ ինքն իրավունք ունի մի դպրոց բացելու՝ Ռաֆի անունով: Պարոն Առաքելյանն էր ասել էր, շատ ավելի լավ, հայերեն կանվանենք Ռաֆֆու անվան:
Պարսկերեն Ռաֆ նշանակում է բարձր բարձրացում: Քանի որ այդ դպրոցը մեզ մոտ էր, մենք գնացինք այդ Ռաֆի դպրոցը: Ծնողների կողմից կազմվեց հոգաբարձություն, ուսուցիչներ վարձվեցին, տեսուչ նշանակվեց պարոն Սամվել Հովհաննիսյանը, ով 60-ին մոտ, բավականին կիրթ և բարձր տեղեկությունով մարդ էր: Աշխատում էր, որ երեխաներն ավելի ճիշտ խոսեն հայերեն, որովհետև բոլորն ավելի լավ պարսկերենը գիտեին քան հայերենը: Պարոն Սամվելը ծնողներ հետ ,,Չար ոգին,, բեմադրեցին, ես էլ մի փոքրիկի դեր խաղացի: Եվ քանի որ դպրոցի բոլոր հանդեսներին երգում էի, դարձել էի դպրցի աստղը: Դպրոցը հովանավոր չուներ , որպեսզի գումար ունենայիք դպրոցի ծաղսերը հոգալու համար, Բարիկենդանի տոնին ես ու զարմիկս հագնում էինք հայկական տարզ և ծնողների հետ գնում էինք երգում, պարում այն տներում, որեղ տարեդարձ ու տոներ կային: Նվիրատվություն էինք հավաքում, դրանով էլ հոգում դպրոցի ծախսերը:
Բյուջե չլինելու պատճառով Ռաֆի դպրոցն էլ փակվեց և ստիպված թե տղաներրը, թե աղջիկներս վեցերորդ դասարանը շարունակեցինք պարսկական դպրոցներում: Պարոն Սամվելն էլ ընտրվեց Քուշեղ դպրոցի վերակացու: Աղջիկներով գնացինք աղջկական միջնակարգ դպրոց, որն ուներ բոլոր հարմարություններն ու շատ մոդեռն էր: Այդ տարիներին Հայոց դպրոցում մի շատ ցավալի դեպք եղավ, որն ինձ համար այդպես էլ մութ մնաց և մինչ այսօր տանջում է ինձ: Արձանագրույան ժամանակ, ուսուցիչների, ծնողների և աշակերտների աչքի առաջ մի տղա է ներս մտնում, հարցնում ո՞վ է պարոն Սամվելը, հանում ատրճանակը, կրակում նրա վրա ու փախնում: Նրան մի քանի հոգի դրսում սպասում էին, նստացրեցին մեքենան ու փախան: Ինչու՞ սպանեցին ազնիվ ուսուցչին, այդպես էլ չիմացանք: Նա իր իմացած գիտության վերջին կաթիլն էլ տալիս էր աշակերտին: 65 տարի առաջ ո՞վ էր Պարսկաստանում ճանաչում Բեթհովենին, իսկ պարոն Սամվելը և նրա երաժշտությունն էր մեզ սովորեցնում և այդ երաժշտությամբ հայերեն բառերով երգեր գրում: Վերջապես շատ ցավ եղավ Թեհրանի ժողովրդի սրտին, հատկապես աշակերտներիս: Այդ տարիներին ժողովրդի մեջ տարբեր մտածելակերպ էր ստեղծվել՝ որոշները ներկա Հայաստանին կողմնակից էին, որոշները՝ ոչ, մինչև Սավաքը կազմվեց և կապն Հայաստանի հետ կտրվեց ու կապվեցին Անթելիասի առաջնորդարանի հետ: Գրքերը տպվեցին հին ողղագրությամբ և թեմն էլ եղավ Անթելյաս: Ցավոք, եթե երկու եկեղեցիները միանային իրար, ավելի լավ կլիներ: Հայաստանը միշտ քարկոծվում էր: Ես հիշում եմ՝ ընտանիքներում տղամարդիկ երկու մասի էին բաժանվել: Որոշները պաշտպանում էին Հայաստանը, որոշները հակառակում: Մի տարեց հայ ասաց. Բա չեք ամաչում, չեք մտածում մենք այնտեղ հայեր ունենք, ազգ ունենք, ինչու՞ եք այդքան վատաբանոմ: Լավ է Հայաստանին պաշտպանողներ շատ կային , թե չէ Ստալինը հայերին հում հում կուտեր: Պետությունը հակասովետ էր, պարզ է, պետք է կողմնակից էլ լիներ հակասովետականներին:
KGB-ն ոչինչ էր Սավաքի դիմաց, վախենում էինք Հայաստանի անունը տալ: Ես միշտ ասում էի, պետք է հայերով համախմբվենք, մասնակցում էի Արարատ թատերական խմբին, բայց հեռու էի, տրանսպորտը դժվար, հիմնվեցի հայ բարեգործականում և շատ մշակութային աշխատանքներ տարա: Մինչև երկիրը կփոխվեր, շատերը դուրս գնացին, ես էլ ամուսանացա գերմանացու հետ և մեկնեցի Գերմանիա: Դարձա Աչիկ Մայլե Բողոսեան: Ամուսինս շատ լավ մարդ է և ես բախտ ունեցա ամեն տարի լինել Թեհրանում, օգնել ծնողներիս և հանդիպել ընկերներիս: Գերմանիայում ծանոթացա մի քանի հայ ընտանիքների հետ և որոշեցինք Հայկական միություն ստեղծել:
Շատ դժվար էր այնտեղի ժողովրդին միասնաբար աշխատանքի հրավիրել: Ինչքան կարողանում էինք, աշխատում էինք: Փառք Աստծուն, եկան շատ պարսկահայեր և Ֆրանկֆուրտի միությունը ակտիվացավ: Պոլսահայերը խուսափում էին, որևէ կազմակերպչական աշխատանքներից, իրավունք էլ ունեին՝ ընտանիք ունեին Թուրքիա: Ամեն տարի Ապրիլի 24 ծրագիր էինք անում և երկու անգամ էլ գերմանացի ամուսնուս եմ Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոք միտինգի տարել: Վերջապես, բոլորս անում էինք ամեն բան ինչ կարող ենք: Մի օր ամուսնուս ասացի շատ ուրախ եմ, որ ֆաշիզմը պարտվեց պատերազմում, հարցնում է ինչի՞ համար: Ասում եմ նրա համար, որ եթե հաղթեր, Թուրքիան պատրաստ կլիներ հարձակվելու հայ ու Հայաստանի վրա ու ոչնչացնել: Բայց ոչ մեկը չգիտի, եթե աշխարհի երեսին երկու հայ էլ մնա, մեկ է կկանգնի թուրքի դեմ ու կհաղթի: Աստված հայերիս հետ է: Փոքր թվով էլ միշտ կանգնել ենք այդ գազանների դեմ: Ամուսնուս հայրն էլ հակա ֆաշիստ էր եղել, անյպես որ, նաէլ էր ատում ֆաշիզմը:
Թեհրանի հետ շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ պատանեկության տարների հետ կապված՝ մի տղամարդ ամենօր փողոցներում քայլելով նույն երգն էր երգում՝ էկեք- էկեք հայ ժողովուրդ, էկեք գնանք Հայաստան, կեցի մեծի Բաղրամյան ցուցա տալում ժողովը, ու այդպես ողջ օրը: Մի ուրիշ դեպք էլ մեր հարևանությամբ ապրող հայ ընտանիքների խնջույքից: Մեզ էլ էին հրավիրել, մամիս հետ գնացել էինք՝ կերան, խման, մեկ էլ մի տղամարդ ելավ ու սկսեց կենած ասել՝ խմում ենք ղուրս հայերու կենածը, ղուրս բառը հին պարսկերեն է, այսինքն բոլոր հայերի կենածը:Մեկել մեկը կանգնեց, ասեց բալքի էդ խայի կեսը տաճկա խայ է, ինչ ես լրիվ ասում: Գյուղացի մարդ էր, անգրագետ, բայց շատ հայրենասեր ու տաճիկ բառը, որ լսել էր, կարծում էր տաճկահայը հայ չէ: Կենածասողն ասաց ոչ, խայը խայ է: Մեծանալով հասկացա, որ հայը հարենասիրության համար կարիք չունի ոչ կրթության, ոչ էլ որևէ կուսակցության: Հայր ու մայրը ցանում են հայրենասիրությունը զավակների հոգում ու սրտում: Հարսանիքներում, կնունք ծնունդների ժամանակ տեղյակները հայոց պատմություն էին պատմում ու բերնից բերան մեր պատմությունը փոխանցվում էր: Թեհրանում ովքեր երաժիշտ էին կազմեցին և երգչախմբեր և պարախմբեր: Տիկին Ջանբազյան Ելենա կար, ում մոտ բացի պարերից սովորում էինք նաև գեղեցիկ հայերենով խոսել: Շատ գեղեցիկ հագնվող և արիստոկրատ տիկին էր: Մեկ անգամ մի շքեղ կոնցերտ ունեցանք, պարսկական շատ թերթեր գրեցին , գովաբանեցին: Իրենց մոտ նման բաներ չկան, տեսնելով մեր հաջողություններն իրենց աղջիկներին էլ ուղարկեցին պարի դասարան: Հայությունը Պարսկաստանում շատ աշխատանքներ է արել, զարկ է տվել պարսիկներին և շատ ազնիվ է ապրել: Ապրում էինք Հայաստանի կարոտով:
Միայն տարիքովները, ովքեր ազգական ունեին, այն էլ մեծ դժվարությամբ կարող էին Հայաստան գնալ: Շատ ուրախ էինք, որ դժվարությունով, բայց կարողացանք իրավունք ստանալ մամիս ու պապիս Հայաստան ուղարկել: Մամես շատ նվերներով էր գնացել: Հյուր էր գնացել Շիրազի ընտանքին, վարպետն էլ մամեիս գիրք էր նվիրել մեջը նշելով մեր բոլորի անունները: Երեք ամիս մնալուց հետո, երբ վերադարձան, մայրս մտավ տուն ու ասաց. ա՜խ, թե մեկ էլ կարողանայինք գնալ, մենք չկշտացանք հայրենիքից: Այսպես է անցել կյանքներս հայրենիքից դուրս: Որոշները կապված էին հայրենիքին, ինպես որ կար, որոշներն էլ չէին ընդունում և հավատում: Փառք Աստծուն, աշխարհը փոխվեց ու մենք էլ կարողացանք մտնել հայրենիք: Չնայած, որ ես, ամուսինս ու դուստրս 1981-ին արդեն եղել էինք: Թեհրանում ներկա եմ եղել բոլոր երգ ու պարի խմբերի համերգներին, որոնք գալիս էին Հայաստանից: Հանդիպել եմ Տաթևիկ Սազանդարյանին: Մի խումբ աղջիկներիս ծաղկեփնջեր էին տվել, որ համերգից հետո նվիրենք երգիչներին, ես Աստված Աստված էի անում, որ Սազանդարյանին նվիրեմ: Ծաղկեփունջը ձեռքիս հիացած նայում էի իրեն, մեկել հարցրեց. ծաղիկներն ու՞մ համար ես բերել, ասացի Ձեր համար, ասաց ինչու՞ չես տալիս, չիմացա ինչպես, ծաղիկներն արագ դրեցի գիրկը: Հանդիպել եմ Զարուհի Դոլուխանյանին, Հենուի Ալավերդյանին, Գոհար Գասպարյանին, Պավել Լիսիցյանին: Եկան մարզիկներ: Առաջինը ֆուտբոլի թիմն էր, 11 գոլ խփեց Թեհրանի թիմի դարպասին, երկրորդը՝ մարմնամարզիկներ էին, փոքր տղաներ էին, բայց շատ լավ խաղացին: Բասկետբոլի թիմը, որ եկել էր, երկու հոգին այնքան բոյով էին, որ մահճակալում տեղ չարեցին, անկողինը հատակին գցեցին: Մեր բարեգործական միության անդամների հետ շատ մտերմացան ու ամբողջ օրը միությունում էին: Այնքան լավ խաղացին ու հաղթեցին պարսիկներին, որ թերթերը գրել էին՝ պարսկական թիմը պատվով պարտվեց հայ հսկաներին: Վերջին մարզական թիմը, որ եկավ, բռնցքամարտիկներն էին, Ենգիբարյանի ղեկավարությամբ: Շատ էի ուզում ներկա լինել, աղջիկս փոքր էր, ինչքան ասացի չեկավ,մենակ էլ ամաչում էի գնալ, բայց չգնալ էլ չէի կարող: Չի պատահել, որ ծրագիր բաց թողեի: Հագնված սարգված, մենակ գնացի: Մուտքի մոտ ասացի իմ տոմսը պարոն Քոչարի մոտ է: Քոչարը մեր ընկերներից էր, բռնցքամարտիկ էր: Մուտքի տոմս վաճառողն ասաց, որ Քոչարը մեր առաջնորդն է և մեր գլխի վրա տեղ ունի,տեսնում եք պարսիկներն ինչպես են վերաբերվում մեզ: Ինձ ուղեկցեց ներս, սրահը լեփլեցուն էր, չորս կողմից տեղ չկար, մի աթոռ բերել տվավ ու ես մենակ նստեցի: Ամաչում էի, մածում էի, որ մի ծանոթ տեսնի, ինչ կմտածի,ինչու եմ մենակ:
Կամաց նստեցի ու ոչ մի կողմ չէի նայում, քանի րոպեից հետո նայեցի կողքերս , կամաց հետ նայեցի տենեմ չորս կոմս պարսիկ մեծամեծ մարզիկներն են, ամաչեցի, նստել էի նրանց հետ առաջին շարքում: Մրցույթը սկսվեց, հայը հաղթեց, սակայն հաղթող հայտնեցին պարսիկին: Ենգիբարյանը ջղայնացած հայերեն հայհոյում էր, երկրորդ խաղում կրկին հայը հաղթեց: Վերջապես հայտնեցին, որ հայերը հաղթել են: Սրահի մի մասը հայերն էին, մյուս մասը պարսիկները, չգիտեմ ինչպես էր այդպես դասավորվել: Երբ պարսիկները տեսան հայերին հաղթած, նստած տեղներից ցած թափեցին, մի տղա էլ ասում էր, ի՜նչ է , այս կեղտոտ ռուսները պետք է հաղթեն: Հայերն իրենց տեղում կանգնեցին առանց խոսելու: Ղեկավարները տեսան, որ պարսիկներին դժվար է կանգնեցնել, ստիպված հայ ու պարսիկ ղեկավարներով հայտարարեցին հավասար և ասացին, որ ընկերական հանդիպում էր: Անկախության տարիներին եկա Հայաստան, ուզեցի Ենգիբարյանին տեսնել, ասացին Ամերիկայում է, տխրեցի շատ:
1988 թվականն էր, Գերմանիայում հրավիրված էին 24 հոգանոց դելեգացիա Ղարաբաղի հարցով: Մեր միությունից էլ մի խումբ միացել
Էր նրանց: Վերջին օրը Ֆրանկֆուրտում էինք, տոնում էինք գինու տոն: Հյուրերին ճանապարհելով գիշերն ուշ էր արդեն, երբ տուն եկա, հեռուստացույցը միացրեցի ու բան չհասկացա, ավերակներ էին ցուցադրվում ու տակն Արմենիա բառն էր գրված: Առավոտյան, երբ բացեցի հեռուստացույցը, նոր հասկացա, թե հայրենիքս ինչ աղետի մեջ է: Խելագարի պես գոռալով կանչեցի ամուսնուս, արի տես, թե Հայաստանում ինչ ավերակ է եղել: Գերմանիայի ռադիոն ժամ առ ժամ հաղորդում էր իրավիճակի մասին և հրավիրում օգնություն հավաքել: Ես անմիջապես զանգահարեցի իմ բոլոր ծանոթներին՝ պարսկահայ, պոլսահայ, ինչքան կարող են չփչացող ուտելիք և հագուստ բերեն: Օգնությունը պետք է ուղարկվեր Համբուրգ քաղաքից:
Հինգ մեծ արկղեր եղան,ամուսինս՝ Քարլը, օգնեց հանձնեցինք օդանավին,բայց Համբուրգում , մտածում էի, ինչպես եմ այդ մեծ արկղերը տեղափոխելու: Համբուրգի օդանավակայանում անճարությունից սկսկեցի լաց լինել, օգնություն խնդրել, որ տուփերը հանեն և տեղափոխենք: Ավտոբուսը եկավ, խնդրեցի ուղևորներին իջան և բոլոր արկղերը դասավորեցին ավտոբուսի մեջ: Հասանք գնացքի կայարան, բոլոր հայերն այնտեղ էին, բոլորը օգնություն էին բերել: Ամենը հանձնեցինք հայաստանցիներին, որ հետները տանեն Հայաստան և հանձնեն այն մարդկանց , ովքեր դրա կարիքը կունենան: Հետ գալով Ֆրանկֆուրտ, մեր քաղաքի քահանայի և քաղաքապետի աջակցությամբ օգնություն հավաքվեց: Մի օր էլ գերմանացիների կողմից երեք հազար մարկ հավաքվեց: Մինչ հիմա հայրենիքիս կողին եմ ու չեմ պատկերացնում ինձ առանց Հայաստանի: Ամուսինս արդեն 90 տարեկան է և չեմ կարողանում նրան շատ երկար մենակ թողնել, ստիպված տարվա մի մասը, ինչպես միշտ, անցկացնում եմ Թեհրանում, մի մասը Հայաստանում, մի մասն էլ Գերմանիայում:
Քանի ապրում եմ կյանքս հայրենիքինս է…
