Միանգամից երկու նոր դիվերսիա ԼՂ-ում
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ևս երկու նոր դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:
Բարեբախտաբար հայկական կողմից կորուստներ չեն գրանցվել:
Հունվարի 11-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով, արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
«Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:
Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել»,-ասված է հաղորդագրության մեջ:
