ՄԻԵԴ դատավորի թեկնածուների հետ հարցազրույցները հետաձգվել են
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուների հարցազրույցները հետաձգվել են:
Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հարցազրույցների անցկացման նոր ժամկետների մասին թեկնածուները կտեղեկացվեն լրացուցիչ:
Հունվարի 16-ին նախատեսված հարցազրույցների հետաձգման պատճառների մասին չի հայտնվում:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ դատավորն ընտրվելու է առաջարկված երեք թեկնածուների ցանկից:
Համաձայն ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության ընթացակարգի՝ մինչ քվեարկությունը Վեհաժողովի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը թեկնածուների հետ անցկացնում է հարցազրույցներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուներն են՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:
