Միջազգային հանրությունը սթափեցնում է, սակայն Ադրբեջանը չի սթափվում
Նոր Տարում ևս Ադրբեջանը շարունակում է իրականացնել ադրբեջանաղարաբաղյան սահմանում իրավիճակի սրման, ուժի կիրառման իր քաղաքականությունը՝ ի հեճուկս միջազգային հանրության կոչերի:
Դրանում համոզվելու համար բավարար է աչքի անցկացնել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության վերջին մի քանի օրերի ամփոփագրերը: Ընդ որում, հատկանշական է, որ բացի սովորական դարձած հրադադարի խախտման մի քանի հարյուրանգամյա ամենօրյա դեպքերից, ադրբեջանցիները հասցրել են դիվերսիոն հետախուզական երկու գործողություն կազմակերպել ու տապալվել, դրանք, ցավոք, կորուստների են հանգեցրել նաև ղարաբաղյան սահմանապահ դիրքերում:
Այսպես, հունվարի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում`հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:
Իսկ դրան հաջորդող մի քանի օրերի ամփոփագրերը գրեթե չեն տարբերվում իրարից:
Այսպես, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, «Սև նետ», Իստիգլալ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:
