Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորին մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի արտգործնախարարին
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես նշվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակից ստացված հաղորդագրության մեջ, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Մինսկի խմբի համանախագահների մամլո հաղորդագրության մեջ նշվում է.
«Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր խորին մտահոգությունն ենք հայտնել՝ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։
Բռնության աճը, որն սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։
Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաև Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Բոլոր կողմերն էլ պետք է հետևեն մնան հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը։ Բռնությունը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
