«Մինուճարիս մահվան կոնկրետ պատճառը կլինի դատաբժշկական փորձաքննությունը ավարտելուց հետո»...
"Մինուճարիս մահվան կոնկրետ պատճառը կլինի դատաբժշկական փորձաքննությունը ավարտելուց հետո, բայց էն, որ ես իմ բալին իրա ոտքով եմ տարել հիվանդանոց, որ երեխաս գիտակցություն ուներ, որ հիվանդանոցում նույնիսկ իր ձեռքով է վերցրել կերել, խմել, խոսել է, ինքնուրույն է շարժվել, դա փաստ է: Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ մինուճար էրեխես ձեռիցս գնաց բժշկի սխալի պատճառով: Արդարությունը անպայման հաղթելու է, անկախ նրանից, թե ինչ պատասխան է գալու",- անդրադառնալով հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում մահացած 4-ամյա Կարինեի մահվանը, Fnews.am-ի հետ զրույցում ասաց երեխային կորցրած հայրը` Հակոբ Հովհանիսյանը, ով մեզ հետ զրույցից երկու ժամ առաջ էր հողին հանձնել, իրենց "հրաշքին, տան լույսին, ուրախությանը" եւ աննկարագրելի հուզված վիճակում էր...
4-ամյա աղջնակի հարազատները մեղադրում են կոնկրետ Արմավիր ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, 4-ամյա փոքրիկին բուժող բժիշկ Անահիտ Պետրոսյանին, ով, սակայն, իրեն ամենեւին էլ մեղավոր չի համարում, ընդհակառակը, վերջինիս խոքսով ծնողներն են ուշացրել երեխային հիվանդանոց տանելու հարցը: Մեզ հետ զրույցում բժշկուհին մասնավորապես ասաց."Մեծ քանակությամբ թույն է եղել երեխայի օրգանիզմում, որը արդեն իսկ անցած է եղել արյան մեջ, այսինքն պրոցեսը ընթացքի մեջ է եղել մինչեւ հիվանդանոց բերելը: ":
Նշենք, որ որ 4-ամյա Կարինեն հոսպիտալացվել էր ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանիշներով: Նախօրեին, ըստ հարազատների, հավի բուդ եւ պաղպաղակ էր կերել: Գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել է: Հաջորդ օրը դիմել են բժշկի, որտեղ ժամեր անց աղջիկը մահացել է:
Տաթեւիկ Աբրահամյան
