Միսակ Մարտիրոսյանի կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվեց
Փաստինֆոն գրում է.Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այսօր միջնորդել է կարճել իր դեմ կաշառքի երեք դրվագով քրեական գործի վարույթը: Ըստ պաշտպանական կողմի, գործը կարճման ենթակա է, քանի որ այն հիմնված է անթույլատրելի ապացույցների վրա:
Մասնավորապես, ըստ պաշտպանական կողմի, այդ դրվագներով ցուցմունքները կորզվել են օրենքի խախտմամբ՝ մարդիկ տարվել են Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, ապօրինի պահվել այնտեղ, առանց փաստաբանի հարցաքննվել: Պաշտպանական կողմի հաշվարկներով, նյութերի նախապատրաստման փուլից շուրջ 10 ժամ առաջ արդեն իսկ ընթացել են քննչական գործողություններ:
Պաշտպանական կողմն այդ հիմքով արձանագրել է նաև, որ առնվազն կաշառքի դրվագներով հիմնավոր կասկածը բացակայում է և որ այն պետք է ազդեցություն ունենա նաև խափանման միջոցի վրա, ուստի միջնորդել է վերացնել կալանավորումը կամ Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրել այլ խափանման միջոց, ներառյալ՝ գրավի դիմաց նրան ազատ արձակել:
Դատարանը որոշել է հետաձգել քրեական գործի կարճման վերաբերյալ միջնորդության քննարկումը և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս, իսկ խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում որպես Միսակ Մարտիրոսյանի պաշտպան նորից ներգրավվեց նախաքննության ընթացքում նրա պաշտպանությունն իրականացրած փաստաբան Վարդան Զուռնաչյանը, ով Մ.Մարտիրոսյանի պաշտպանությունը կիրականացնի նրա պաշտպան, փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ համատեղ:
