Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով վկաներին արդեն ճրագով են փնտրում
Փաստինֆոն գրում է.
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով այսօրվա դատական նիստում ներկայացել էր ընդամենը երկու վկա:
Մասնավորապես՝ վկա, գործով ամբաստանյալ Անգին Ղուկասյանի ազգական Միքայել Ստեփանյանը հայտնեց, որ քննիչներից է իմացել, որ Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար միջամտություն է եղել. մայրը խնդրել է Անգին Ղուկասյանին միջնորդել իրեն աշխատանքի ընդունելու հարցում և արդյունքում «առաջին անգամ չանցնելուց հետո երկրորդ անգամ անցել էր»: Ըստ նրա՝ քննիչը տեղեկացրել է, որ մայրը Անգին Ղուկասյանին շնորհակալություն է հայտնել՝ մաղարիչի տեսքով:
Դատարանն առաջարկեց ներկայացնել իր մոր հետ խոսակցությունն ու դրա արդյունքը, քանի որ ապացուցողական նշանակություն ունեցող փաստը մոր հետ խոսակցությունն է և ոչ թե՝ քննիչի հաղորդածը. վկան է քննիչին տեղեկացնում, ոչ թե քննիչը՝ վկային: Վկան ի վերջո մտաբերեց, որ քննիչի հետ խոսակցությունից հետո ինքը ընդհանրական հարց է տվել մորը, և նա քննիչի ասածը հաստատել է:
Նախաքննության ընթացքում վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել էր, որ քննիչի մոտ հարցաքննվելուց հետո ինքը զրուցել է մոր հետ, ով իրեն հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլար է տվել Անգին Ղուկասյանին: Ի պատասխան հարցերի՝ վկան դատարանում հայտնեց, որ մոր հետ զրույցից է իմացել իրեն աշխատանքի տեղավորելու համար գումար տալու ու գումարի չափի մասին, այլ ոչ թե քննիչից:
մանրամասները` սկզբնաղբյուրում
