Մոմավառություն Մարտունիում ի հիշատակ Ավետիսյանների(տեսանյութ)
«Ասպարեզ»-ի փոխանցմամբ՝ Հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործի ձեռքով դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը՝ հունվարի 15-ին, Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում մեծաթիվ մարտունեցիներ էին հավաքվել:
Թեև հոգեհանգստի պատարագը սկսվելու էր ժամը 13-ին, սակայն առավոտից արդեն իսկ մարդիկ խումբ-խումբ ինքնաբուխ գալիս էին զոհերի հիշատակը մոմավառությամբ հարգելու և վեցամսական Սերյոժայի կյանքի փրկության համար աղոթելու: Հոգեհանգստի ժամերգությամբ Ավետիսյանների ընտանիքի 6 նահատակների հիշատակը ոգեկոչելուց հետո Մարտունու հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը ներկաների հետ աղոթեց ոճրագործության զոհերի հոգիների հանգստության և կենացմահու սահմանագծին հայտնված փոքրիկի առողջության համար: Միմյանց ցավակցելով՝ պատարագի ու մոմավառության մասնակիցները նաև իրենց ցասումն արտահայտեցին անմարդկային ոճիրի հանդեպ:
