Մորմոնների հիմնադիրն ամուսնացել է 40 կնոջ հետ
Մորմոնների եկեղեցու հիմնադիր Ջոզեֆ Սմիթը ամուսնացել է 40 կնոջ հետ, որոնցից մի քանիսն ամուսնացած են եղել, իսկ նրանցից մեկը եղել է 14 տարեկան: Այս մասին հաղորդում է «CNN»-ը՝ հղում անելով եկեղեցուն, որը պաշտոնապես կոչվում է «Վերջին օրերի սրբերի Հիսուս Քրիստոս»-ի եկեղեցի:
Ինչպես հայտնում է մորմոն բլոգեր Ժանա Ռիեսը, Սմիթը համարվում էր մարգարե, որը հատուկ հաղորդություն էր ստացել Աստծուց: Այն լուրը, որ նա այդքան շատ կանայք է ունեցել, այդ թվում՝ դեռահասներ և այլ տղամարդկանց կողակիցներ, ցնցել է հավատքի շատ անդամների:
Ըստ եկեղեցու հաղորդագրության՝ Սմիթը չի ցանկացել ամուսնանալ բազմաթիվ անգամներ, սակայն հնազանդվել է մի հրեշտակի, որը 1834-ից 1842 թվականներին 3 անգամ հայտնվել է նրան:
Ինչպես հաղորդում է եկեղեցին, վերջին այցելության ժամանակ հրեշտակի ձեռքին եղել է մի սուր, և նա սպառնացել է ոչնչացնել Ջոզեֆին, եթե նա չենթարկվեր իր հրամաններին:
Դա իսկական փորձություն է եղել նրա առաջին կնոջ՝ Էմմայի համար: Նա իր տուն է ընդունել Սմիթի հաջորդ 4 կանանց: Սակայն նա երբեք չի իմացել իր ամուսնու բազմամուսնության չափի մասին:
Սմիթն ամուսնացել է հիմնականում 20-ից 40 տարեկան կանանց հետ: Նրանցից ամենամեծը եղել է 56, իսկ ամենաերիտասարդը՝ 14 տարեկան:
