Մոսկվայի դատարանը բարեհաճ է «օրենքով գողերի» նկատմամբ (Video)
Մոսկվայի դատարանը հերթական անգամ բավական ներողամիտ է գտնվել «օրենքով գողերի» նկատմամբ:
Primecrime-ի տեղեկացմամբ` նախորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայի Նիկուլինսկիի շրջանային դատարանում լսվել է վրացի «օրենքով գող» Ռոբինզոն Արաբուլի վերաբերյալ քրեական գործը, ով մեղադրվում է հերոին ապօրինի պահելու մեջ: Դատավոր Անդրեյ Բաբկովը, ում, ըստ վիճակագրական տվյալների, ավելի հաճախակի է բախտ վիճակվում լսել հեղինակությունների վերաբերյալ գործերը, 62-ամյա Ռոբինզոնին դատապարտել է տուգանքի` 40 հազար ռուբլու չափով: Ընդ որում, նշվում է, որ նախաքննության ընթացքում «օրենքով գողը» նախնական կալանքի տակ չի գտնվել, այլ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը եւ ի հեճուկս գողական նորմերի դատական նիստին ներկայացել է ինքնուրույն:
Նույն աղբյուրը նշում է, որ սա շրջանային նշված դատարանի առաջին եւ միակ հարվածը չէ մայրաքաղաքի օպերատիվ աշխատակիցներին: Նախորդ տարվա սեպտեմբերին դատարանը մերժել էր երկու «օրենքով գողի»` Պուզիրին եւ Իսլամին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունները, ովքեր բռնվել էին հավաքի ժամանակ` թմրամիջոցների հետ: Դրանից երեք ամիս հետո Իսլամը դատարանի կողմից դատապարտվեց ընդամենը 1 տարվա պայմանական ազատազրկման, իսկ Պուզիրը դեռ սպասում է Անդրեյ Բաբկովի դատավճռին:
