Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները
Մոսկվայի մարզում օգոստոսի 1-ին հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն հայտնում է, որ հանդիպումն անցկացվել է դեմ առ դեմ ձեւաչափով: Նշվում է, որ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի շուրջ:
Բացի այդ, քննարկվել են երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակը եւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Մամուլին թույլատրվել է մասնակցել հանդիպման միայն արարողակարգային մասին, քննարկումները շարունակվել են առանց լրագրողների մասնակցության, հաղորդում է APA-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի 31-ին մեկնել է Մոսկվա մասնակցելու օգոստոսի 1-15-ը Մոսկվայի մարզի հրաձգարանում անցկացվելիք «Բանակային միջազգային խաղեր 2015»-ի բացման արարողությանը:
Առաջին «Բանակային միջազգային խաղեր 2015»-ին 17 երկրներից մասնակցում են 57 թիմեր, 20 դիտորդական խմբեր` 6 երկրներից, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ: Խաղերի ծրագրում նախատեսված են անապատային, ջրային եւ օդային 14 մրցման ձեւեր:
