Մովսես Հակոբյանի տեղափոխության մեջ հետին միտք պետք չէ փնտրել.Սեյրան Օհանյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Մովսես Հակոբյանի ազատման մեջ որևէ հետին միտք պետք չէ փնտրել: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այստեղ ոչինչ պետք չէ փնտրել: Այդպիսի յուրաքանչյուր նշանակում մանրակրկիտ վերլուծության և նաև նրանց կարողությունների վերլուծության արդյունքում է տեղի ունենում»,-ասաց նախարարը:
«Այդ դեպքում ստացվում է Մովսես Հակոբյանը չէր համապատասխանո՞ւմ պահանջներին, եթե Ձեր ասած տրամաբանությամբ է կադրային տեղափոխությունը եղել» հակադարձված հարցին` Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տեղափոխություն ի՞նչ է մարտական ոգու համա՞ր ենք իրականցնում: Դուք` լրագրողներդ, յուրաքանչյուր բառի մեջ հետին միտք եք փնտրում: Մովսես Հակոբյանը բավականին երկար ժամանակ` 8 տարի, եղել է այնտեղ պաշտպանության բանակի նախարար ու հրամանատար, փորձեք 8 տարի ղեկավարել այդպիսի լարված իրավիճակում, անկասկած, անհրաժեշտ են տեղափոխություններ: Յուրաքանչյուր տեղափոխություն բերում է թարմություն, ինչու չէ նաև Զինված ուժերի շտաբում կբերի թարմ միտք ու կապահովի հրամանատարների սերնդափոխությունը և բոլոր կառույցների շարունականական զարգացումը»:
