Մրցանակներ՝ կատակով և առանց
Արդարադատության նախարարությունն ու զանգվածային լրատվության միջոցները ընդհանուր գործ են անում՝ ուղղված համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը:
Այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ըստ նախարարի՝ պրոֆեսիոնալ ու պատասխանատու մամուլն օգնում է վեր հանել համակարգում առկա խնդիրները, ավելի զգաստ ու զգոն լինել:
«Մեզ քննադատելով՝ ստիպում եք չթուլանալ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ցանկացած քննադատություն ընդունելի է, եթե այն արվում է պատասխանատվության զգացումով, պրոֆեսիոնալ մակարդակով և իրավիճակ փոխելու նպատակով:
Նախարարն ընդգծեց, որ նախարարությունը շատ բաց է լրագրողների առաջ, այդպես կլինի նաև ապագայում:
Նախարարությունը մրցանակներ էր սահմանել լրատվամիջոցների համար՝ հրապարակումների հիման վրա: Դրանց մի մասը սահմանվել էր ոչ թե խնդիրները վերհանած լրատվամիջոցների համար, այլ, ըստ նախարարության, ոչ ճիշտ տեղեկատվության համար, դրանց գեղեցիկ փաթեթավորում էր տրված՝ «ամենազվարճալի սուտը», «ամենակրեատիվ բամբասանքը», «ամենադիպուկ լեգենդը», «ամենաճշմարտանման շշուկը», «ամենաքնարական քննադատություն», «ամենահետապնդող հարցում», «ամենազվարճալի վրիպակ» և այլն, սակայն դրանից բովանդակությունը չէր փոխվում:
Լուրջ անվանակարգեր էլ կային՝ «նախարարի առաջին հարցազրույցը», «նախարարության կայքի ամենահավատարիմ բաժանորդ», «ամենազգաստացնող տեսախցիկ», «ամենաուղենիշային հրապարակում», «ամենաօպերատիվ հրապարակում» և այլն:
