Մշակութային հոկտեմբեր՝ «Տաշիրի» հովանու ներքո
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար հոկտեմբերն առավելապես հարուստ է լինելու մշակութային միջոցառումներով: Մասնավորաբար Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ արդեն լույս է տեսել «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» հանրագիտարանային ժողովածուն, որն ամփոփում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը 300-ից ավելի հանրահայտ գրողների, պատմիչների, արվեստագետների, դիվանագետների, ճանապարհորդների, ռազմական, պետական ու քաղաքական գործիչների վկայությունները, բնութագրումները, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը: Շնորհանդեսի տեղի ու ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Իսկ ահա մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, Ստեփանավան քաղաքում կմեկնարկի միջմարզային երիտասարդական փառատոնը, որն անցկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու վերջինիս հետ մշտապես ակտիվ համագործակցող հազարավոր երիտասարդների համախմբող «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը: Ավանդական դարձած այս փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը. եթե նախորդ տարիներին փառատոնն անցկացվում էր Լոռու մարզի շրջանակներում, ապա այս տարի մասնակցելու են Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ներկայացնելու են իրենց տաղանդը ձեռագործ աշխատանքների, երգի, պարի, ասմունքի և այլ անվանակարգերում: Ինչ վերաբերում է տեղի ընտրությանը, ապա հայտնի է, որ Ստեփանավանը ճանաչվել է 2015թ. երիտասարդական մայրաքաղաք, և Կարապետյանների ընտանիքը որոշել է կարևոր այդ իրադարձության մեկնարկը տալ արդեն այս տարի՝ անցկացնելով երիտասարդական այս փառատոնը:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն