«Մուսալեռ» տպագրատան դիմումի հիման վրա գործի դատաքննությունը հետաձգվեց մինչև հունվարի 27-ը
Այսօր Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել «Մուսալեռ» տպագրատուն» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա գործի դատաքննությունը՝ պայմանավորված լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտությամբ:
Դատաքննությունը կսկսվի 2015թ. հունվարի 27-ին:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, ՍՊԸ-ն վիճարկում է «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի՝ Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, 2-րդ մասի 2-րդ պարբերության, այն է՝ սնանկացած և առողջացած անձին նախկին պարտավորություններից ազատելու դրույթի սահմանադրականությունը:
Վիճարկվող դրույթով, մասնավորապես, սահմանված է, որ սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում ֆինանսապես առողջացած համարվող պարտապանն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հնարավորություն է ընձեռում սնանկության գործ քննող դատարանին կայացնել որոշում, որով սնանկացած և իրավաբանորեն առողջացած անձին ազատում է նախկին պարտավորությունների հանդեպ պատասխանատվությունից, ինչը, ըստ էության, զրկում է, իրազեկված չլինելու պատճառով, գործով մասնակից չդարձած պարտատիրոջը՝ ֆիզիկական և իրավաբանական անձին, սեփականությունը վերականգնելու հնարավորությունից:
