Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված գործը կարճվել է
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին Fnews.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:«Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է Լևոն Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, որի համաձայն` նրա մահը սրտային սուր անբավարարության հետևանք է»,-ասացին Քննչական կոմիտեյից:
Հիշեցնենք, որ Լևոն Մութաֆյանի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 11-ին` Կենտրոն վարչական շրջանում գտնվող հյուրանոցի համարներից մեկում
Ավելի վաղ քննչական կոմիտեն տարածել էր հայտարարություն ։ Լ.Մութաֆյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի լոգասենյակում։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
