«Նա իմ լավ բարեկամն է, եւ ես նրան ներում եմ, որ այդպես է արտահայտվել…»
Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին թատերագետ Լեւոն Մութաֆյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա անդրադարձել էր ռուսական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված հաղորդմանը, որին մասնակցել էր նաև Մհեր Մկրտչյանի թոռնուհին: Մութաֆյանը անդրադարձել է նաև այն թեմային, թե ինչու Ալբերտ Մկրտչյանը՝ հայտնի ռեժիսորն ու մեծ դերասանի եղբայրը, հրաժարվեց մասնակցել հաղորդմանը:Թատերագետը մասնավորապես գրել էր. «Դերասանին նվիրված հաղորդումներում, ցավոք, ոչ միշտ է ներկայացվում ճշմարտությունը, ամեն ինչ արվում է՝ իրականությունը փոքր-ինչ այլ գույներով ներկայացնելու համար...Այս հաղորդումն էլ նման էր նախորդ հաղորդումներին... Չեմ ուզում խորանալ շատ բաների մեջ, չեմ ուզում որոշ ճշմարտություններ էլ ինքս բացել»: Վերոնշյալ գրառումը զայրացրել է Ալբերտ Մկրտչյանին: Ով MediaMall.am-ի հետ զրույցում հետեւյալ կերպ էր արտահայտվել . «Ես ասելիք չունեմ, հաճախ են փորձել Մհերին ներկայացնել այլ լույսի ներքո՝ իբր սրտացավություն խաղալով, բայց այդ մարդկանց մեծ մասը Մհեր Մկրտչյանի հետ երբևէ առնչություն չի ունեցել: Ինչ վերաբերվում է երեկվա հրապարակմանը, միայն մի բան կասեմ՝ գետինը չե՞ս մտնում, Լևոն Մութաֆյան, որ իմ փոխարեն հարցազրույց ես տալիս: Այսքան բան»: Forums.am-ի հետ զրույցում թատերագետ Լեւոն Մութաֆյանը անդրադառնալով Ալբերտ Մկրտչյանի պատասխանին ասաց. «Նա այդ կերպ շնորհակալությու՞ն է հայտնում, որտեղ, որ ես իրեն եմ պաշտպանել: Այդ հաղորդումից հետո ես նրան առել եմ պաշտպանության տակ, որ աղավաղվել է Ալբերտ Մկրտչյանի մեկնաբանությունը: Իսկ թե ինքը ինչ է ընկալել, դա իր խնդիրն է, իր գործը, ես փրկել եմ իրեն, որովհետեւ, երբ ինքը անջատում էր հեռախոսը, դրան սխալ մեկնաբանություն տրվեց: Ես էլ իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, որ սխալ է մեկնաբանվում Ալբերտ Մկրտչյանի անջատելը. այդպես չի կարելի այդ մարդուն անհանգստացնել, ես սա եմ ասել ընդամենը: Ամեն դեպքում Ալբերտ Մկրտչյանը մեծ արվեստագետ է, իմ լավ բարեկամն է, ներում եմ, որ այդպես է արտահայտվել: Մենք լավ բարեկամներ ենք, ինձ համար անսպասելի էր, որ այդպես է արտահայտվել, բայց ընդունում եմ իմ ավագ ընկերոջ խոսքը»:
Ն. Ադամյան