«Նաիրիտի» ղեկավարությունը խոստանում է մարել կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքը
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն հանդես է ելեկ հայտարարությամբ, որում անդրադարձել է գործարանի աշխատակիցների կրճատումների և աշխատավարձի պարտքերը չվճարելու մասին վերջին օրերին տարածված լուրերին:
Գործարանի ղեկավարությունը պարզաբանում է, որ «հնարավոր կրճատումներն արվում են՝ ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով», և որ «կրճատման դեպքում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն գործելու է բացառապես գործող ՀՀ օրենսդրության սահմաններում, այն է` ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, հայտարարության հեղինակները խոստանում են, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
Այսինքն` «աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշժվարկի այլ կարգ նախատեսված չէ»:
«Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը»,- ասված է հայտարարության մեջ:
Իսկ գործարանի չկրճատված` շուրջ 500 աշխատակիցների հետ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի:
Միաժամանակ, գործարանի ղեկավարները վերահստատում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը` 2014թ. դեկտեմբերին մեկ ամսվա աշխատավարձ վճարելու մասին:
Ի դեպ, ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր առավոտյան նաիրիտցիները դարձյալ հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վարչապետ Աբրահամյանի հետ հանդիպում:
Հիշեցնենք, գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին շուրջ 1.5 տարվա աշխատավարձ է պարտք: Գործարանի սեփականատերը չի կատարել ՀՀ կառավարության հետ առք ու վաճառքի պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները: Իսկ կառավարությունը հրաժարվում է հետ ընդունել գործորոնի գույքն ու վճարել գործարանի պարտքերը:
