Նարեկ Սարգսյանն Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել
«Ես Ավարայրի ճակատամարտին չեմ մասնակցել, ոչ էլ 18 թվականի Սարդարապատի ճակատամարտին եմ մասնակցել»,- այսօր հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ պատրաստ է անգամ փաստաթղթերով դա ապացուցել:
Իսկ նման տարօրինակ հայտարարության պատճառը լրագրողների այն դիտարկումն էր, թե շուրջ 3000- ամյա Երևան քաղաքում այսօր դժվար է անգամ 100 տարվա վաղեմության շենք գտնել:
«Երևանը, մինչև Ալեքսանդր Թամանյանը, ավանատիպ քաղաք էր, Ռուսական իմպերիայի քաղաքներից մեկն էր,միայն 1852 թվականից հետո սկսեցին ի հայտ գալ ռուսական շրջանի սև տուֆից շենքերը: Դրանից առաջ պարսկական շրջանի քաղաք էր և որևէ ճարտարապետական արժեք չուներ»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ ամոթ չէ ասել, որ Երևանը քաղաքի է վեածվել 19-րդ դարի կեսից:
«Կապ չունեն Էրեբունին ու Կարմիր բլուրը բուն քաղաքի զարգացման հետ»,- ասաց Ն.Սարգսյանը:
Ինչ վերաբերում է 100-ամյա շինությունների գոյությանը Երևանում, Նարեկ Սարգսյանը նշեց դրանցից մի քանիսը. «1900-ականների շենք է Ամիրյանի վրա գիմնազիայի շենքը, պատկերասրահի, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի շենքը, Հին Երևանի տարածքում 6-7 հուշարձաններ կան պահպանված, որոնք այդ շրջանի շենքեր են, Ալավերդյան փողոցի վրա, շատ կան այդ շրջանի շենքեր պահպանված»,- ասաց Նարեկ Սարգսյանն ու ավելացրեց, որ այդ շրջանի նաև վերակառուցված շենքեր կան Մելիք Ադամյան փողոցում:
