ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: յս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել հայկական և ադրբեջանական ուժերի միջև ռազմական գործողությունները: Մենք խորապես ափսոսում ենք մարդկային կորուստների համար, երկու կողմերին կոչ ենք անում դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է Կոլոմինան:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: