Նախագահի թեկնածուի նոր անուններ կան
«Իրավունք de facto» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրել 1-7 գլուխների նախնական տարբերակը, որը քաղաքական ուժերը դեռ վերապահումով են մեկնաբանում՝ տողատակերում այլ ենթատեքստեր տեսնելով: Իրականում մայր օրենքն այսքան գրել-ջնջելու, ամիսներով քննարկելու միակ ու հիմնական պատճառը գլխավոր հրամանատարի հարցն է եղել, այսինքն՝ ի՞նչ լիազորություններ են տրվելու նրան, ինչի՞ց է զրկվելու: Ակնհայտ էր, որ փոփոխություններով նախագահի հնարավորություններն էականորեն թուլանում են եւ այդ պաշտոնն արարողակարգային է դառնում:
Սահմանադրության բարեփոխումների հենց սկզբից պարզվեց, որ այն «անձնավորված» է, «կարվում» է հատուկ պաշտոնյայի համար: Եթե նախագահի ֆավորիտը Սեյրան Օհանյանն է, պետք է գլխավոր հրամանատարի լիազորությունը նրան տրվեր: Այնինչ, ներկայացված տարբերակում պատերազմական իրավիճակում, ըստ էության, գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը: Այսինքն, ներկայացված փաստաթուղթը նաեւ հստակեցրեց, որ այսպիսի տարբերակում Սեյրան Օհանյան նախագահ չկա: Ավելին, նա եւս չի ցանկանում «անգլիական թագուհի» դառնալ եւ ունենալ ձեւական պաշտոն:
Սա հաստատվում է նաեւ Սեյրան Օհանյանի «ֆալստարտով» որից հետո դժվար է նրան նախագահի թեկնածու դիտարկել:
Փոխարենը նախագահի հավանական այլ թեկնածուների անունների պակաս կարծես չի զգացվում: Ակտիվ խոսակցություններ են պտտվում, որ նախագահ դառնալու մեծ հնարավորություն ունի ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը»:
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
