Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում:
Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով է հիշում իր պետական այցը եղբայրական Ուրուգվայ և հանդիպումը Նախագահ Խոսե Մուխիկայի հետ: Հանրապետության Նախագահը խնդրել է Դանիլո Աստորիին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել Խոսե Մուխիկային, իսկ նորընտիր Նախագահ Տաբարե Վասկեսին՝ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Նախագահն ընդգծել է, որ այդ այցի ժամանակ ևս մեկ անգամ համոզվել է, թե Ուրուգվայում ինչպիսի հարգալից վերաբերմունք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և անկեղծ ցանկություն՝ բոլոր ոլորտներում միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու:
Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին նշել է, որ իր երկրի ղեկավարության մեջ և հասարակության բոլոր շերտերում Հայաստանի նկատմամբ բարեկամական ջերմ վերաբերմունքն ամուր հիմքեր ունի: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-ուրուգվայական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու հնարավորություններին:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են միջպետական հարաբերություններում ակնհայտորեն մեծ դեր ունեցող խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համակարծիք են եղել, որ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունն ավելի է ամրապնդում առկա բարեկամությունը:
