Նախագահը այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին: Ոլորտի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժանմունքում կատարված կառուցվածքային փոփոխություններն ու նորամուծությունները: Նորաբաց բաժանմունքն ունի առանձին ընդունարան, էլեկտրոնային առողջապահական համակարգ և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակներ: Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները: Սերժ Սարգսյանը կարևորել է առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել աջակցելու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին:
