Նախարարությունը միշտ պատրաստակամ է` իրանցիների կրթական խնդիրների լուծման գործում.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու:
ՀՀ-ում Իրանի դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների և ասպիրանտների հետ կապված խնդիրների լուծմանը: Դեսպանի խոսքով` իրանցի ուսանողները, վերադառնալով հայրենիք, իրենց հետ տանում են Հայաստանի հետ կապված ջերմ հուշեր: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը:
