Նախարարությունը պարզաբանում է գնացքի վթարի հետ կապված մանրամասներ
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը, որում ներգրավված են նախարարության, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ, ծառայողական քննություն է իրականացնում 2015 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքի եւ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանի ավտոմեքենայի բախման արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ:
Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:
Իսկ ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկությանը, թե վթարի պատճառը պատահարի վայրում խորհրդային տարիներին առկա ուղեփակոցների բացակայությունն է, նշենք, որ ուղեփակոցները հանվել են դեռեւս 1980-ական թվականներին՝ գնացքների ինտենսիվ շարժի բացակայությամբ պայմանավորված: Ուղեփակոցների փոխարեն գնացքի ուղեգիծը հատող ճանապարհահատվածներին, անվտանգության նկատառումներով, տեղադրված են զգուշացնող նշաններ, որոնցով եւ կարգավորվում է երթեւեկությունը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այդ նշանները տեղադրվում են ճանապարհի սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Տվյալ դեպքում ճանապարհի սեփականատեր է հանդիսանում Լուսաղբյուր համայնքը։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ցավակցություն է հայտնում ողբերգական պատահարի հետեւանքով զոհված Մանվել Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:
