Նախկին հարկադիր կատարողը գումարներ է յուրացրել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնի նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը, 2012 թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, գումարներ է յուրացրել:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գ. Սարգսյանը, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար մի շարք պարտապաններից գանձել է տարբեր չափերի գումարներ:
Նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը նրանց տվել է իր ստորագրությամբ եւ ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
Նախաքննական մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաեւ այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 011 900 055 հեռախոսահամարով:
Նախաքննությունը շարունակվում է:
