Նեմցովի սպանության գործով վկան ճանաչել է կասկածյալներից մեկին. Коммерсантъ
Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են «Հյուսիս» գումարտակում ծառայած և, ենթադրաբար, ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության հետ կապ ունեցող Ռուսլան Գերեմեևի տան աշխատակցուհուն:
Ինչպես հաղորդում է Коммерсантъ-ը, կինը հստակեցրել է ոմն Ռուսիկի ինքնությունը, որին քննիչները սպանության կազմակերպիչն են համարում:
Նրա խոսքով՝ Ռուսիկ էին անվանում ոչ թե Գերեմեևին, այլ նրա վարորդին՝ Ռուսլան Մուխուդինովին:
«Չեչենները խնդրել էին իրենց հենց այդպես՝ Ռուսլան և Ռուսիկ կոչել, որպեսզի չշփոթեն»,-պատմել է կինը:
Ավելի ուշ նրանք տեղափոխվել են այլ բնակարան, իսկ նախկին բնակարանում նոր բնակիչներ ու հյուրեր են հայտնվել: Նրա խոսքով՝ նախ եկել է Արթուր Գերեմեևը, ապա՝ Զաուր Դադաևը:
Փետրվարի սկզբին նրանց միացել է Անզոր Գուբաշևն ու Թեմիրլան Էսկենխանովը:
Պարբերաբար տանը հայտնվել են Բեսլան Շավանովն ու ոմն Ասլանբեկ:
Աշխատակցուհին պնդել է, որ երբեք նրանց զինված չի տեսել և չի լսել, որ նրանք որևէ պլաններ կազմեն Նեմցովի վերաբերյալ:
Երիտասարդները, նրա խոսքով, խոսել են միայն կենցաղային թեմաներից և միշտ աղոթել են։
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։
