Նեմցովի սպանության մեջ կասկածվողը Մոսկվա է ժամանել կառավարական ամրագրումով
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածյալ Բիսլան Շավանովը, որը մարտին ինքն իրեն պայթեցրել էր, Մոսկվա էր ժամանել Գրոզնիից կառավարական ամրագրումով: Այս մասին փոխանցում է Rosbalt գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:
Ըստ նրա` Շավանովը փետրվարի 25-ին փորձել է գնել տոմս Գրոզնի- Մոսկվա, սակայն փետրվարի 26-ի համար տոմսեր չեն եղել, իսկ մնացած օրերը նրան հարմար չեն եղել: Այդ պատճառով նա դիմել է «Գրոզնի ավիա» ավիաընկերության մոսկովյան գրասենյակ, որը պատասխանատու է Չեչնիայի Հանրապետության կառավարության աշխատակիցների ամրագրերի համար:
Ինչպես հայտնաբերել են քննիչները, արդյունքում Շավանովը գնել է տոմս փետրվարի 26-ի համար: «Շավանովի վարքը ցույց է տալիս, որ Նեմցովի սպանության կազմակերպիչները և կատարողները մի քանի օր առաջ հստակեցրել էին հանցագործության օրը` փետրվարի 27-ը»,-նշել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի` քննիչները կարծում են, որ սպանությունը կապ չունի քաղաքական գործչի արտահայտությունների ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի ողբերգության վերաբերյալ: Առկա ապացույցները վկայում են, որ հանցագործության նախապատրաստումը սկսել է մինչև ֆրանսիական խմբագրության վրա հարձակումը և հանցագործները նախօրոք էին պլանավորել, որ սպանությունը պետք է տեղի ունենա հենց փետրվարի 27-ին:
