Ներմուծում ենք գործիք, որը թույլ կտա վերլուծել պաշտոնյաների հայտարարագրերը. Նախարար . news.am
Եթե անգամ կոռուպցիան չլիներ բարձր մակարդակի, միեւնույն է, դա պետք է լիներ մեր պայքարի կիզակետում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի համար:
Հարցին, թե արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման ոլորտում խստացումների արդյունքում արդեն կան կոնկրետ դեպքեր, երբ որեւէ պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի մեջ, նախարարը պատասխանեց. «Դա ամբողջ ծավալով գործելու է, երբ ստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Դա տեղի է ունենալու ապրիլից հետո: Մենք նախատեսել ենք նաեւ այն գործիքները, որոնք հնարավորություն են տալու ծանոթանալ տարբեր ռեգիստրներում առկա տեղեկատվությանը, որպեսզի կարողանան իրականացնել ճշտումները: Առաջին քայլն արվել է, հայտարարագրերը սկսել են կուտակվել: Հիմա հաջորդ պահն է՝ գործիքն ենք ներմուծում, որը թույլ կտա վերլուծել հայտարարագրերը»:
Նրա խոսքով, կա երկու գործիք. «Եթե կա կոռուպցիոն հանցագործություն, ապա անձին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության: Երկրորդ գործիքը հետեւյալն է. քանի որ միշտ չէ, որ հնարավոր է բռնել հանցագործին, մտցվում են լրացուցիչ գործիքներ, որոնք հետեւանքներով փորձում են վերլուծել, վերհանել, թե արդյոք կա՞ մտահոգիչ փաստ, թե ոչ: Այն, որ քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, փաստ է, այն, որ որեւէ հանցագործություն, որ նոր է ձեւակերպվում, չի կարող ունենալ հետադարձ ուժ, դա էլ ժողովրդավարական սկզբունք է»:
