ՆԳՆ ստեղծելը Հովիկ Աբրահամյանի՞ ծրագիրն է
Հայաստանի Հանրապետության ծանր սոցիալական, տնտեսական կյանքը, որի պատճառով երկիրը դատարկվում է, մղվել է հետին պլան: Քաղաքական օրակարգում են հայտնվել սահմանադրական եւ կառուցվածքային փոփոխությունները, ընդդիմության տարբեր թեւերի հարաբերությունները, հանրահավաքների-նստացույցների թեման:
Անցած շաբաթ իշխանությունն անակնկալ որոշում կայացրեց՝ փոխելու կառավարության կառուցվածքը՝ միավորելով երկու գերատեսչություն՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ ստեղծել նոր՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Պաշտոնական հիմնավորումը օպտիմալացումն է, որը բխում է երկրի բյուջեի տնտեսման շահերից: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է ստեղծվում մի հսկա գերատեսչություն, եթե այն կարող էր որեւէ վարչության տեսքով ընդգրկվել, ասենք, էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում: Իսկ եթե խնդիրը կառավարման ուռճացված հաստիքացուցակը կրճատելն է, ապա նախարարների, վարչապետի խորհրդականների ու օգնականների, փոխնախարարների ուռճացված ինստիտուտը մի թեթեւ կրճատելու դեպքում տնտեսական օգուտն ավելի զգալի կլիներ: Ընդ որում, ասում են, օպտիմալացվող նախարարությունները գրեթե ամբողջությամբ են միավորվում, բացառությամբ մի քանի կրկնվող հաստիքների կրճատման: Կառավարությունում վախենում են, որ գործազուրկների բանակը կհամալրի ընդդիմադիրների շարքերը: ՏԿՆ-ի ու ԱԻՆ-ի միավորումը՝ գեներալ ղեկավարով հանդերձ, ոմանք մեկնաբանեցին իշխանության համար մարզերը կառավարելի դարձնելու նկատառումներով, ինչը նախկինում փորձում էին անել՝ նախկին ոստիկաններին մարզպետ նշանակելով: Օդում կախված մնաց ՆԳՆ-ի հարցը:
Ինչո՞ւ հանկարծ Հովիկ Աբրահամյանը շրջանառության մեջ դրեց ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը, որը ներառված չէր ներկայիս կառուցվածքային փոփոխությունների օրակարգում եւ արդիական չէր համարվում: Ընդ որում, հարցը նախապես չէր քննարկվել, ու երբ Արգամիչն այդ մասին հայտարարել է Ջերմուկում, բոլորն անակնկալի են եկել, այդ թվում՝ Վովա Գասպարյանը: Թեեւ չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը դա ասել է՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ ՆԳՆ-ն վերականգնելու հարցը եղել է օրակարգում: Նույնիսկ Վովա Գասպարյանի նշանակումից հետո, ասում են, վերջինիս հետ քննարկել են այդ հարցը՝ արժե՞ այն դարձնել քաղաքական գերատեսչություն՝ վերականգնելով ՆԳՆ-ն: Գասպարյանը դեմ է եղել, թերեւս միայն այն պատճառով, որ կառավարությանն առընթեր այս մարմինն ուղղակիորեն ենթարկվում է ՀՀ նախագահին, իսկ եթե դառնա նախարարություն, կդառնա քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ կոալիցիա կազմելու ժամանակ:
Ոստիկանությունը ՆԳՆ-ի կարգավիճակում մշտապես ցանկացել են ունենալ դաշնակցականները: Սերժ Սարգսյանին եւս ձեռնտու չի եղել փոփոխությունը: Ըստ որոշ տեղեկությունների, այս նախաձեռնությունը բացառապես Հովիկ Աբրահամյանինն է, ով հեռահար կարծում է, որ ընդդիմության եւ խնամի Ծառուկյանի պահանջատիրական օրակարգում, եթե որոշեն մտնել կոալիցիա, մի օր կարող է նաեւ այս գերատեսչությունը հայտնվել: Ասում են, որ այս հարցը քննարկվում է նաեւ այլ ձեւաչափով. օրինակ՝ ստեղծել ՏԿՆ, ԱԻՆ ու դրան միացնել ոստիկանության որոշ հատվածներ, ասենք՝ հասարակական կարգի պահպանման, պետական պահպանության ոլորտները, ոչ քրեական հատվածը: Բայց այսկերպ էլ կուժեղանան մարզպետները, եւ կնվազեն ոստիկանության գործառույթները: Երբ տարիներ առաջ այս տարբերակը քննարկվել է, նկատի ունենալով ՀՀ մարզպետների վարքն ու բարքը, որոնց պակասում են միայն օրենքով զորքն ու զենքը, նպատակահարմար չեն գտել այդքան ուժեղացնել նրանց:
