Նիգերիայի արքայազնի նամակը 18% տնտեսական աճի հեռանկար է բացել.armcomedy.com
Բախտներս բերեց, որ նկատեցինք այդ նամակը SPAM folder-ում...
Այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երկիրը 18% տնտեսական աճի բացառիկ հնարավորություն է ստացել: Օրեր առաջ կառավարության էլեկտրոնային հասցեին եկել է նամակ Նիգերիայի վտարանդի արքայազնից, ով առաջարկել է ՀՀ կառավարությանը կիսել իրեն հասանելիք շուրջ 8 միլիարդ ԱՄՆ դոլար կազմող ժառանգությունը, եթե հայկական կողմը աջակցի իրեն բանկային փոխանցումների հարցում: «Հոր մահից հետո արքայզն Ռուանդի Մբենգոյի բոլոր հաշիվները արգելափակված են, դրա համար ինքը անձամբ չի կարողանում ժառանգությունը ստանալ: Մեզանից հասնում է ընդամենը հաշիվ բացել իր անունով, վրան մի 1200 դոլար գցել զուտ բանկային ծառայությունների դիմաց, ու էդ ամբողջ 8 միլիարդը կգա կնստի էդ հաշվին: Դրանից հետո գումարի կեսը կմտցնենք պետբյուջե, մյուս կեսը կմնա արքայազնին», – բացատրեց Աբրահամյանը: Փոքր ինչ խճճված գործարքը թույլ կտա արդեն սույն տարվա երրորդ կիսամյակում ապահովել 18% տնտեսական աճ:
Նախարարներից մի քանիսը տարակուսանք հայտնեցին այն մասին, թե ինչու է Նիգերիայի վտարանդի արքայազնը հենց ՀՀ կառավարությանը դիմել, սակայն վարչապետը պարզաբանեց, որ Հայաստանի մասին նշումները արքայազնը գտել է հոր` Ռուանդի I-ի օրարգրերում, որտեղ նա հիացմունք է հայտնել մեր չքնաղ երկրի ու բարի ժողովրդի մասին:
Նախարարների անձնական նվիրատվություններով գործարքի համար անհրաժեշտ 1200 ԱՄՆ դոլարը հավաքագրվեց հաշված րոպեների ընթացքում, և երեքշաբթի արքայազն Մբենգոյի անունով բացված հաշիվը պատրաստ կլինի ընդունել 8 միլիարդ դոլարը:
