Նկարիչների միությունում բացվել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը
Հայաստանի նկարիչների միությունում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, բացվել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։ Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների առթիվ։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շեշտել է, որ միության դռները միշտ բաց են երիտասարդ ստեղծագործողների առջեւ։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ ընդհանրապես այն մարդկանց, ովքեր այսօր ձեռք են մեկնում երիտասարդներին՝ աջակցելով նրանց ստեղծագործական ճանապարհին։ Մուշեղ Պետրոսյանը ցուցահանդեսում ներկայացրել է «Տարածական ճեղքում» վերնագրված իր քանդակը։ Այդ ստեղծագործությամբ նա ցանկացել է պատկերել անցումը մի հարթությունից դեպի մյուսը։ Հեղինակը խոստովանում է, որ քանդակը ստեղծելու համար շատ քիչ ժամանակ է պահանջվել, սակայն շատ երկար օրեր են պետք եղել գաղափարը հղանալու ու դրա շուրջ մտածելու համար։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 16-ը։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։