Նման զենք ունի միայն Ռուսաստանը
Ուզում եմ երկու բառ գրեմ այն «փաստարկի» մասին, որը երբեմն բերում են մեր հասարակական, քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները. «Ի՞նչ տարբերություն`եթե Ադրբեջանը զենքը ռուսներից չգներ, ուրիշներից կգներ»: Դա կա’մ միտումնավոր սուտ է, կամ թյուրիմացություն: Խոսքը, հիշեցնեմ, 9Ա52 «Սմերչ» տեսակի համակարգային կրակի ռեակտիվ համակարգի, ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգի, «Քրիզանթեմ Ս» հակատանկային մարտական մեքենայի եւ այլնի մասին է: Ի դեպ, այդ զենքի ամեն ի տեսակի մի հատն արժե մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այնպես որ «մեքենադ վաճառեիր, «Սմերչ» առնեինք» պնդումը պոպուլիստական առումով գուցեեւ «աշխատում» է, բայց «փոքր-ինչ» չափազանցեցված է: Վերոհիշյալ զինտեխնիկան, բացի Ռուսաստանից, որեւէ այլ տեղից Ադրբեջանը չէր կարող գնել: Միացյալ նահանգներն ունեն համանանման զենք` 4 անգամ ավելի թանկ եւ երկու անգամ պակաս հզոր:
Բայց ոչ Ադրբեջանը, ոչ էլ մենք այդ զենքն ամերիկացիներից չենք կարող գնել` այն պարզ պատճառով… որ ԱՄՆ-ն դա մեզ չի վաճառի: Հետեւաբար, այդ ժամանակակից զենքի միակ «աղբյուրը» Ռուսաստանն է: Արդյո՞ք Ռուսաստանը միայն փողի համար է այդ զենքը վաճառում: Չեմ կարծում: Զենքի առեւտրով զբաղվում է Ռուսաստան պետությունը, եւ խնդիրը կարգավորում է փոխվարչապետ Ռոգոզինը` առանց քաղաքական որոշման նման զենք ոչ մեկին չէր վաճառվի: Ադրբեջանին զինելը քաղաքական որոշում էր: Բայց բոլոր դեպքերում` «եթե ռուսից չառնեին, ուրիշից կառնեին» պնդումն իր տակ որեւէ հիմք չունի: Անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանը գնել է Իսրայելից, լրիվ ուրիշ պատմություն է: Նախ` դա մենք էլ կարող ենք գնել, եւ կարծում եմ դրա համար կարելի է փող ճարել, քանի որ խոսքը միլիոնների, ոչ թե տասնյակ միլիոնների մասին է, եւ այստեղ քննադատներն իրավացի են` պետք է հրաժարվել անիմաստ ծախսերից: Երկրորդ` այդ զենքը կարելի է արտադրել հայաստացի եւ սփյուռքյան մասնագետների ուժերով: Այդ հարցում թե’ վերջիններից եւ թե’ ՊՆ-ից պահանջվում է կառուցողական մոտեցում: Ինչպես եւ բոլորից` բոլոր այլ հարցերում:
