Նոր էր մոռացվել մուկ ու կատվի բողոքի ակցիան, վրա հասավ մի տհաճ սկանդալ...
hraparak.am-ը Գործադիր մարմնում, ինչպես եւ հանրապետությունում, տարվա բուռն մեկնարկը տրվեց գարնանը՝ մեկ լավ եւ մեկ վատ լուրով: Լավն այն էր, որ կառավարման 6-րդ տարվա շեմին պաշտոնանկ եղավ ՀՀ պատմության մեջ թերեւս ամենաքարկոծված վարչապետ Տիգրան Սարգսյանը, վատը՝ այն, որ նրան փոխարինելու եկավ իր գործունեությամբ ժողովրդին հայտնի Հովիկ Աբրահամյանը: Ապա ձեւավորվեց նոր կառավարություն՝ հին ու նոր դեմքերով, որը փաստում էր, որ Սերժ Սարգսյանի բնութագրած՝ երկրում գաղջ մթնոլորտն ավելի է գաղջանալու: Հովիկ Արգամիչի առաջին խոստումն էր՝ «սկսելու եմ ինձնից ու իմ հարազատներից»: Սա իրականացավ կայծակնային արագությամբ՝ վարչապետի ազգականները բարձր պաշտոններ ստացան:
Հաջորդը հակամենաշնորհային, ստվերից զերծ տնտեսություն ստեղծելն էր: Այս «սուրբ» գործի համար նույնիսկ բեմադրվեց տարվա զավեշտալի սցենարներից մեկը՝ կառավարության «դայլիճ» բերվեցին վարչապետի ընկեր գործարարներն ու օլիգարխները, որոնց հրահանգեց «քաշել գիծ»՝ ստվերից դուրս գալ, կատարել օրենքի պահանջը, վճարել հարկերը: Կազմվեցին գործարարների «սեւ» ու «սպիտակ» ցուցակներ, որոնք մինչ օրս չեն հրապարակվել: Հայտնի չէ, թե «սեւերն» ինչպես են պատժվել, «սպիտակները»՝ որքան «մուծվել»:
Մինչ այդ ավելի ու ավելի էր բորբոքվում կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը, որը կիսատ-պռատ հանգուցալուծվեց: Սակայն դա չէր նշանակում, որ քաղաքացիական շարժման ճնշումներից դասեր կքաղի նոր կառավարությունը: Ձախորդությունները հանգիստ չէին տալիս Հովիկ Աբրահամյանին՝ հարամելով իր երազանքների պաշտոնը վայելելու հաճույքը: Նոր էր մոռացվել մուկ ու կատվի բողոքի ակցիան, վրա հասավ մի տհաճ սկանդալ: «Արմենիա» հեռուստաընկերությունը վարչապետի անուն-ազգանունը լուրերի թողարկման ժամանակ ազդարարեց զավեշտալի վրիպակով՝ «Հավիկ»: Նոր փորձանքը գործադիրի ղեկավարն օգտագործեց որպես իր մեծահոգությունը ցուցադրելու առիթ՝ հորդորելով հետ կանչել աշխատանքից ազատված մեղավորներին:
Սակայն այս մեծահոգությունը միայն տեսախցիկների համար էր, գործադիրի նիստերին մասնակցող նախարարներն ու պաշտոնյաները լուրջ սթրեսների էին ենթարկվում: Վարչապետն իր ենթակաների հետ շփվելու հատուկ ոճ ուներ՝ գոռալով, վիրավորելով, հանպատրաստից սուր բանավեճեր բեմադրելով:
Ամիսներ շարունակ կառավարության շենքի մոտ ակցիաներ էին կազմակերպվում, մշտական այցելուներից էին «Նաիրիտի» աշխատակիցները՝ իրենց աշխատավարձերի պահանջով: Ամառվա կեսին իրավիճակը լրջացավ. ընդդիմությունը պահանջեց 12 կետանոց փաստաթղթի իրագործում: Ապա ղարաբաղաադրբեջանական շփման գծում թեժացավ վիճակը՝ մոռացնել տալով 12 կետը: Այս առիթն էլ օգտագործվեց հայրենասիրական տեսարաններ բեմադրելու համար՝ իր ենթականերին ու որոշ ընդդիմադիրների կամուֆլյաժներ հագցրեց, ու «հայդե» սահման՝ նկարահանվելու, փիառ-միառ անելու:
Հաջորդ քայլը շրջանառության հարկի նվազման բարեփոխման փորձն էր, որը թվացյալ հաջողություն էր դիտարկվում, մեկ էլ հանկարծ վրա հասան ՓՄՁ-ների հուժկու միտինգները, եւ բացահայտվեց, որ «բարեփոխումը» վարչապետի կողմից գործարարներին ստվերից դուրս բերելու զարտուղի միջոց է՝ ՓՄՁ-ներին փուռը տալու ճանապարհով: Հաջողվեց ճնշման ներքո օրենքի կիրառումը կասեցնել:
Ինչ էր մնում անել մեր աշխատասեր կառավարությանը՝ մտնել աշխատող հղի կանանց գրպանը, կրճատելով նրանց վաստակն ու տալով չաշխատող հղի կանանց՝ որպես բարեփոխում: Օրենքի այս նախագիծը նախորդ «սադիստ» վարչապետն անգամ չէր համարձակվել իրականացնել: Բայց նորանշանակը ոչնչի առջեւ չէր կանգնում, բյուջեն լցնել էր պետք, ամենակարողի իր իմիջն իրագործել: Բայց բարձր վարձատրություն ստացող հղի եւ արդեն մայրացած կանայք նորածին երեխաներով դուրս եկան փողոց եւ կառավարությանը դուրս շպրտեցին իրենց գրպաններից: Չմոռանանք նշել, որ, սրան զուգահեռ, վարչապետի աշխատասիրությամբ ու եռանդով վարակված բնապահպանության նախարարն էլ գնում-գալիս, կանգնում էր նրա բիզնեսի՝ ձկնարտադրության համար փորված արտեզյան հորերի գլխին: Բայց փակվում էին ոչ թե վարչապետի եղբոր, այլ ուրիշների հորերը:
Կառավարության հույսը մնաց Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներից օգտվելը՝ ռուսական շուկա արտահանելով այն, ինչ մատակարարում էր Եվրոպան: Վարչապետը ժողովներ հրավիրեց ու հանձնարարեց ընդլայնել արտահանումը ռուսական շուկա: Բայց ի՞նչ կար, որ ինչ էլ արտահանեին:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
