Նոր էստակադա Երևանի կենտրոնում
Երեւանի կենտրոնում ծրագրվում է նոր էստակադա կառուցել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նրա խոսքով՝ նոր ճանապարհային հանգույցը կթեթեւացնի բեռնվածությունը կամ Արշակունյաց պողոտայի սկզբի մասում (նախկին Պետական կրկեսի մոտ) կամ մեջտեղի մասում («Հայրենիք» կինոթատրոնի մոտ): Երեւանի հարավը կենտրոնին կապող այս երկու տարածքներում հաճախակիանում են խցանումները:
Արեյանը նշեց, որ ըստ առաջին նախագծի, էստակադան «Այրարատ» կինոթատրոնից («Ռոսիա») կհասնի մինչեւ Ագաթանգեղոս փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկ (Խանջյան փողոցի ներկայիս թունելի շարունակությունը), երկրորդ նախագծի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկից մինչեւ «Հայրենիք» կինոթատրոն: «Հեռանկարում, այս նախագծերից որեւէ մեկը կիրականացվի», - ընդգծեց պաշտոնյան:
