Նոր մանրամասներ՝ Լիճքում երեկ կատարված սպանության գործով ձերբակալվածի մասին
Երեկ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կատարված սպանության կասկածանքով այսօր առավոտյան ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Գորոյանը: «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ Գորոյանի անունը շոշափվում է նաեւ մեկ այլ գործով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երեկ Լիճք գյուղից «հոգեվարքային վիճակ՝ հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ «Մարտունու ԲԿ» էր տեղափոխվել 34-ամյա Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա սպանության մեջ կասկածվում է նույն գյուղի բնակիչ Արմեն Գորոյանը, ով, պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, այսօր լուսադեմին ինքնակամ ներկայացել է։
Սակայն պարզվում է, որ 34-ամյա համագյուղացու սպանությամբ Գորոյանի հնարավոր մեղադրանքը կարող է չսահմանափակվել: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ երեկ դեպքի վայր մեկնած իրավապահներին լիճքեցիներից մեկը հայտնել էր նաև Արմեն Գորոյանի ու նրա 2 ընկերների ավելի վաղ կատարած այլ արարքների մասին ևս:
Տղամարդն ասել է, որ այս դեպքից 3 օր առաջ՝ հունվարի 23-ի ցերեկը, գյուղի դպրոցի դիմաց Արմեն Գորոյանն ու նրա երկու ընկերները՝ Կարեն Մկրտչյանն ու Էդուարդ Սրքոյանը, փայտերով ծեծի են ենթարկել իր որդուն` նրան մարմնական վնասվածքներ պատճառելով:
Այս դեպքի հանգամանքները պարզելու համար ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
