Նոր մանրամասներ Գյումրիի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից
Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրիի ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով տուժածներից միայն Զարուհի Հովհաննիսյանն է գտնվում Գյումրիի հիվանդանոցում: Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, իսկ նրա որդին՝14-ամյա Էդմոն Սիմոնյանը, գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում :
Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ Զարուհի Հովհաննիսյանին մյուս շաբաթվա ընթացքում կվիրահատեն: Մյուս տուժողը՝ Կարեն Բաղդասարյանը, որը ևս գտնվում էր Գյումրիի հիվանդանոցում, արդեն դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոններ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:
