Նոր մանրամասներ Հայաստանում ընթացող «օրենքով գողերի» հավաքի մասին
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի հանգստավայրերից մեկում ընթացող` «օրենքով գողերի» մեծ հավաքի վերաբերյալ:
Նախ նշենք, որ այն տեղեկությունը, թե իբր հավաքն անցկացվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ում չի համապատասխանում իրականությանը: Պարզապես հաշվի առնելով նրա հետ որոշ քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» կապը` փորձ է արվել ընդգծել Հայրապետյանի դիրքն ու ունեցած համբավը: Չի բացառվում , որ «Հարսնաքար» ռեստորանում հավաքի մասնակիցներին պատված լինեն, ինչը շատ տրամաբանական է :
Մենք արդեն նշել էինք, որ հավաքը տեղի է ունենում Կոտայքի մարզի հանգստավայրերից մեկում: Մեր աղբյուրների պնդմամբ՝ հավաքի համար ընտված վայրը շատ համեստ, ոչ շատ հայտնի, բոլորի աչքից հեռու հանգստավայր է: (անվանումը առայժմ, որոշ հանգամանքներից ելնելով, նպատակահարմար չենք համարում նշել):
Նշենք, որ հավաքի գլխավոր քննարկումն արդեն ավարտվել է: Գողական աշխարհում հարաբերական կարգուկանոնի հաստատման համար մի քանի հայտնի «օրենքով գողեր» զրկվել են տիտղոսներից, ոմանք էլ խիստ հրահանգներ են ստացել: Ինչպեսև սպասվում էր, տիտղոսից զրկվել է Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող ադրբեջացի Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկին):
Թեև ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Լենքորանսկու մերձավոր շրջապատի աղբյուրներին, հերքեցին այդ տեղեկությունը՝ նշելով, թե իբր հավաքի կազմակերպիչ Շաքրոն դեմ է եղել դրան, սակայն մեր աղբյուրները հաստատապես հակառակն են պնդում: Ավելին` իրականում Ջանիևը «թագից» դե ֆակտո զրկվել էր դեռևս երկու տարի առաջ, երբ Դեդ Հասանի համակիրների անցկացրած սեփական հետաքննության, մասնավորապես` հեռախոսային ձայնագրությունների միջոցով պարզվել էր, որ ադրբեջանցի գողը սպանության պատվիրատուներից է, իսկ արդեն հայաստանյան որոշումն ընդունելը ընդամենը դրա հաստատումն է: Ջանիևը դեռ այդ ժամանակվանից է կորցրել դիրքերը քրեական աշխարհում, նրա ամբողջ կլանը գրեթե ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձ էր կատարվել 2013-ի փետրվարին Թուրքիայում, սակայն ձևական բնույթ էր կրել, քանի որ դեռևս նրա հետ չմաքրած որոշ հաշիվներ կային: Երբեմնի ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը համարվող Ջանիևի ողջ մնալը պայմանավորված է նրա հետ դեռ ամբողջովին չլուծված ֆինանսական հաշիվներով:
Ըստ միջազգային մամուլի՝ նրա դրամական ռեսուրսներն արդեն սպառվում են, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս իրագործվի սպանությունը: Ինչևէ, քրեական աշխարհում կատարված լուրջ փոփոխություններին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, իսկ մինչ այդ ներկայացնենք հավաքի հաջորդ` ոչ պակաս կարևոր փուլը:
Կայքին հասած հավաստի տեղեկություններով՝ այս օրերին սկսվել է «օբշյակի» (համայնքի) դրամահավաքը: Քանի որ հավաքն անցկացվում է Հայաստանում, բնականաբար, ըստ կարգի, դրամական «փոխանցումներ» կատարում են հայ օլիգարխները, այդ թվում` նաև հայտնի պաշտոնյաներ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայտնի մեծահարուստներից մեկը կես մլն դոլար է «հանգանակել» «օբշյակին»: Սակայն սրա վրա չէ, որ կցանկանայինք կենտրոնանալ:
Մանրամասները` yerkir.am կայքում
