Նոր նախարարների հարցը ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է, բայց չի հրապարակվում
Նորաստեղծ նախարարությունների ղեկավարների հարցը քննարկվել է երեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստում: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հրաժարվելով, սակայն, հարցի վերաբերյալ մանրամասներ հայտնել:
«Քննարկվել է, բայց ես դա չեմ մանրամասնի, որովհետև այսօր կառավարության շենքի նախամուտքում եմ և ոչ թե՝ ՀՀԿ գրասենյակում»,- ասաց Արմեն Աշոտյանը` կառավարության այսօրվա նիստից հետո:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակում ևս, ներկայացնելով իշխող կուսակցության գերագույն մարմնի ընդունած որոշումները՝ կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, Արմեն Աշոտյանը չէր բացել փակագծերը` լրագրողներին հորդորելով սպասել հաջորդ օրն առավոտյան նախանշված կառավարության նիստին:
Այսօր, սակայն, կառավարության նիստում հայտարարվեց միայն, որ որոշվել է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները մեկ գերատեսչության կազմում և ստեղծել ևս մեկ նոր` միջազգային ինտեգրացիայի և տնտեսական բարեփոխումների նախարարություն:
Թե ովքե՞ր կղեկավարեն այս նոր նախարարութունները, ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ իշխանությունները թեև արդեն գիտեն, բայց չեն բարձրաձայնում:
Ի դեպ, այսօր անպատասխան մնաց նաև Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միավորման վերաբերյալ շրջանառող լուրերի մասին հարցը:
Այս հարցին պատասխանելը Արմեն Աշոտյանն իր կողմից բարոյական չհամարեց, այդուհանդերձ` ո՛չ հերքելով և ո՛չ էլ հաստատելով այդ կառուցվածքային փոփոխության հավանականությունը:
