Նոր զարգացումներ Լիճքում կատարված սպանությունից. Դատարանն արդարացրել է մականունավոր եղբայրներին
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքների «ջախջախումով» ավարտվել է Արմեն Գորոյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը, Արիստակես Բարսեղյանը, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը, Աշոտ Ավետիսյանը, Էդգար և Էդուարդ Սրքոյանները ու գործով չպարզված այլ անձինք 2015 թվականի հունվարի 26-ին, ժամը 15-ի սահմաններում Լիճք գյուղում կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է Լիճքի բնակիչ Արայիկ Իրիցյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ վերը թվարկված անձինք Գառնիկ Նիկողոսյանի «Մերսեդեսով» , մյուսները՝ գործով չպարզված չորս այլ մեքենաներով գնացել են Լիճք գյուղի բենզալցակայանի, ավտոտեխսպասարկման ու սննդի սպասարկման կետերի տարածք: Այնտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչներ Արայիկ Իրիցյանին ու Միշա Խաչատրյանին, ովքեր այնտեղ էին մեքենա նորոգելու նպատակով:
Ըստ մեղադրանքի ՝Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ու արհամարհական, հեգնական տոնով հարցրել է նրա եղբորը: Նույն տոնով Արայիկի հետ խոսել է նաև Արիստակես Բարսեղյանը, ով հարցրել է. «Կյաժն ո՞ւր ա»:
Արայիկը պատասխանել է, թե չգիտի՝ եղբայրն ուր է:
Արիստակեսը, ըստ մեղադրանքի, բռունցքով հարվածել է Արայիկի քթին, նրա քթից արյուն է հոսել, նրան պատճառվել է թեթև վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Գառնիկ Նիկողոսյանը խուլիգանական գործողությունները շարունակելով՝ ոտքով հարվածել է Արայիկ Իրիցյանի գոտկային շրջանին՝ պատճառելով արյունազեղում:
Աշոտ Ավետիսյանը Արայիկ Իրիցյանի ծոծրակային մասին հարվածել է ձեռքի մահակով՝ պատճառելով արյունազեղում:
Արմեն Գորոյանը մահակով հարվածել է Արայիկի գլխի գագաթային մասին՝ պատճառելով արյունազեղում:
Էդուարդ Սրքոյանը ոտքով հարվածել է Արայիկի որովայնի աջ մասին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Էդգար Սրքոյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Արայիկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արիստակես Բարսեղյանը իր ձեռքին եղած ատրճանակը պահել է իրենց խմբի խուլիգանական գործողությունները կանխող անձանց ուղղությամբ՝ վախեցնելով, որ չմիջամտեն:
Խումբը, մեկը մյուսին լրացնելով, ըստ մեղադրանքի, շարունակել է խուլիգանությունը:
Արտյոմ Ա.-ն, գտնվելով բենզալցակայանի հսկման կետում, տեսնելով իրավիճակը, վախենալով, որ բենզալցակայանին կարող են վնաս պատճառել, անջատել է բենզալցակայանի աշտարակների էլեկտրական սնուցումը, փախել է լցակայանի հետնամաս ու թաքուն զանգելով Արայիկի եղբայր Արթուրին՝ ասել է, որ շտապ հասնի բենզալցակայան, նրա եղբորը ծեծել են, հարկավոր է տեղափոխել հիվանդանոց:
Այդ ընթացքում Արայիկ Իրիցյանն ընկած տեղից բարձրացել ու դիմել է փախուստի՝ դեպի բենզալցակայանի աշտարակները: Նրան ծեծողներից երկուսը մահակներով վազել են նրա հետևից:
Ներկաներից՝ Ռուբիկ Մ.-ն փորձել է խանգարել, որ Արայիկին չհավածեն, բայց նրան շրջանցել են, մահակով հարվածել են Արայիկի գլխին, նա ուշագնաց ընկել է գետնին:
Ըստ մեղադրանքի՝ խուլիգանություն կատարած անձինք, դաժանաբար ծեծելով Արայիկ Իրիցյանին, հեռացել են:
Արթուր Իրիցյանը, իմանալով եղբոր նկատմամբ գործադրված բռնության մասին, իր ընկերներ Սամսոնի, Աշոտի հետ Սամսոնի վարած «Մերսեդեսով» գնացել են դեպքի վայր: Արթուրը տեսել է եղբորը ծեծված վիճակում: Իմացել է, որ ծեծողները գնացել են Սևան քաղաքի ուղղությամբ:
Լիճք գյուղի խաչմերուկում Արթուրը նկատել է Աշոտ Ավետիսյանին, ով նստում էր տաքսի:
Արթուրի պահանջով Սամսոնը «Մերսեդեսով» փակել է այդ մեքենայի ճանապարհը, Արթուր Իրիցյանն իրեն պատկանող որսորդական հրացանը ձեռքին իջել է «Մերսեդեսից», մոտեցել է Աշոտ Ավետիսյանին ու պահանջել է պարզաբանել եղբորը ծեծելու պատճառը: Աշոտը հրաժարվել է պատասխանելուց:
Արթուրը իր ձեռքի հրացանից մեկ կրակոց է արձակել որպես տաքսի ծառայող մեքենայի առջևի աջ դռան վրա: Այդ կողմում էր նստած Աշոտ Ավետիսյանը: Կրակոցից վնասվել են մեքենայի առջևի ու հետևի աջ կողմի դռները, վնասվել է նաև այդ պահին հետևի նստատեղից իջնող Նորայր Մարտոյանի աջ ոտքի սրունք-թաթային հոդի շրջանը՝ նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս:
Այնուհետև Արթուր Իրիցյանը Աշոտ Ավետիսյանին դուրս է բերել մեքենայից, իր ձեռքի հրացանի խզակոթով հարվածել է նրան: Աշոտը դիմադրել է Արթուրին: Սամսոնը թիկունքից բռնել է Աշոտին ու բռունցքով երկու անգամ հարվածել է նրա ուսահոդի դիմային հատվածին:
Հավաքվածները Աշոտին հեռացրել են: Արթուր Իրիցյանը իր որսորդական հրացանը հենել է հուշարձանի պատին ու շարունակել է բռունցքներով հարվածել Աշոտին՝ նրան պատճառելով թեթև վնաս:
Այդ պահին Արթուր Իրիցյանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Արմեն Գորոյանը մոտեցել է ու իր մոտ ապօրինի գտնվող «Մակարով» ատրճանակով մոտ երեք մետր հեռավորությունից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնի աջ կողմնային շրջանին՝ պատճառելով հրազենային թափանցող կույր վնասվածք:
Արթուր Իրիցյանը հենվել է Արսեն Մ.-ին ու ասել է. «Բ.-ի տղա Արմենը խփեց»: Արսենը Արթուրին մեքենայով տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Արթուր Իրիցյանը նույն օրը մահացել է:
Արմեն Գորոյանին մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու և դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ, 235 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:
Էդուարդ և Էդգար Սրքոյաններին, Գառնիկ Նիկողոսյանին, Արիստակես Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Աշոտ Ավետիսյանին՝ որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Արմեն Գորոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե 2015 թվականի հունվարի 26-ին, ժամը 15-16-ի սահմաններում Մարտունի քաղաքից տաքսիով վերադարձել է Լիճք: Խաչմերուկում՝ զոհվածների հուշարձանի մոտ, նկատել է հավաքված մարդկանց: Կանգնեցրել է տաքսին, մոտեցել ու տեսել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը ծեծում է համագյուղացի ու իր ընկեր Աշոտ Ավետիսյանին:
Ինքը Արթուրի ձեռքին զենք է տեսել, որով նա հարվածում էր Աշոտին: Քանի որ Աշոտն իր ընկերն է, ինքը հանկարծակիի է եկել, մտել է Արթուրի ու Աշոտի մեջտեղը, որ բաժանի: Փորձել է զենքը վերցնել Արթուրի ձեռքից: Նա զենքը փախցրել է, ինքը նրա գոտկատեղում ևս մի զենք է տեսել՝ ատրճանակ: Աջ ձեռքը գցել ու վերցրել է նրա ատրճանակը: Արթուրը գոռացել է՝ սաղիդ կփռեմ գետնին, կսատկացնեմ: Եվ այդ ասելով՝ կրակել է 4-5 անգամ:
Ինքը լսել է հավաքվածների գոռոցները, մտածել է՝ գնդակները դիպել են մարդկանց: Այդ ժամանակ մեխանիկորեն քաշել է ատրճանակի ձգանը: Բնազդաբար է քաշել, վախից կրակոց է արձակել Արթուրի վրա: Չի տեսել՝ գնդակը նրան դիպել է, թե չէ: Կրակելուց հետո սկսել է դողդողալ, աչքերի առաջը սևացել է, ականջները խշշացել են: Այդ վիճակում գնացել է դեպի կենտրոնական ճանապարհ, դրանից հետո չի հիշում՝ ինչ է եղել: Ատրճանակը ձեռքից ընկել է կամ ինքն է գցել… Երբ կրակոց է արձակել, ոչ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել:
Արմեն Գորոյանն ասել է, թե ցավում է կատարվածի համար, ինքը Արթուր Իրիցյանի հետ թշնամական հարաբերության մեջ չի գտնվել…
Աշոտ Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Նա հայտնել է, թե դեպքի վայրում է եղել՝ ռեստորանում խորոված ձուկ պատվիրելու նպատակով: Տեսել է, որ Արայիկ Իրիցյանին անծանոթ տղաները քաշքշում են: Չի միջամտել, շառից հեռու լինելու համար քայլել է իրենց տան ուղղությամբ: Ինքն Արայիկ Իրիցյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, նրա եղբայր Արթուրի հասակակիցն է, միասին են մեծացել, իր մանկության ընկերն էր: Ստեղծված իրավիճակը տեսնելով՝ ցանկացել է տաքսիով հեռանալ, նստել է տաքսի, այդ ժամանակ տաքսու ճանապարհը փակել է սև մեքենա, որի միջից իջել է Արթուր Իրիցյանը, սկսել է կրակել տաքսու ուղղությամբ: Ինքը վախից պառկել է վարորդի նստատեղին, իսկ վարորդը վախից իրեն դուրս էր նետել մեքենայից:
Այդ ժամանակ Արթուրը մոտեցել ու հարցրել է. «Հորի՞ իս էգե գեղ»: Նա զենքի կոթով խփել է իր գլխին ու մարմնի տարբեր մասերին: Ինքն ամբողջովին արյունոտ՝ ընկել է գետնին: Մի պահ գլուխը բարձրացրել ու տեսել է Արմեն Գորոյանին: Նա Արթուրի գոտկատեղից վերցրել է ատրճանակը: Արթուրը ձեռքի զենքն ուղղել է Գորոյանի վրա ու կրակել է: Դրան հաջորդել է Գորոյանի արձակած կրակոցը: Ինքը փորձել է վեր կենալ, չի կարողացել: Նկատելով ընկած ավտոմատանման զենքը՝ փորձել է դա օգտագործել որպես հենակ ու վեր կենալ: Նստել է Վահան Պ.-ի մեքենան, շարժվել են Երևանի ուղղությամբ: Որոշ ճանապարհ անցնելուց հետո Վահանը կանգնեցրել է մեքենան , ինքն իջել է, տեսել է, որ Սևանա լիճը մոտ է՝ քայլելով գնացել է դեպի լիճը՝ լվացվելու: Որպես հենակ օգտագործած զենքը նետել է Սևանա լիճը…
Էդուարդ Սրքոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե պատահաբար է գտնվել դեպքի վայրում, որտեղ արդեն իսկ խառնաշփոթ էր: Ինքը ոչ մի բանի չի խառնվել, նստել է պատահական մեքենա, 5 հազար դրամ է տվել որպես ուղեվարձ ու գնացել է Երևան՝ իր վթարված մեքենայի ապահովագրական վճարների հարցով զբաղվելու: Ինքը Լիճք գյուղի բենզալցակայանի մոտ Արայիկ Իրիցյանին չի տեսել, նրան չի հարվածել: Ինքը Գառնիկ Նիկողոսյանին՝ Գռնոյին ու Արիստակես Բարսեղյանին՝ Արիսին, չի ճանաչում:
Էդգար Սրքոյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե դեպքի վայրում եղել է պատահաբար, կրակոցի ձայն է լսել, հավաքված մարդիկ փախել են, ինքն էլ նստել է մի պատահական սպիտակ «Գազել» ու մեկնել է Երևան: Իր համար անհասկանալի է՝ իրեն ինչու են մեղադրում խուլիգանության համար, ինքը Արիսին ու Գռնոյին չի ճանաչել…
Գառնիկ Նիկողոսյանը՝ Գռնոն, իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ժամանակ նա հայտնել է, որ Արայիկ Իրիցյանն իր մոր քեռու տղան է, նրա հետ ինքը նորմալ հարաբերությունների մեջ է: Պատահաբար է դեպքի պահին գտնվել բենզալցակայանի մոտ: Հանդիպել է Արայիկ Իրիցյանին, բարևել է, մի քանի րոպե զրուցել են: Այդ ժամանակ մոտեցել են անծանոթ մարդիկ: Նրանք Արայիկի հետ վեճի մեջ են մտել: Ինքը փորձել է հանդարտեցնել: Նրանց վեճն իրեն ընդհանրապես չի հետաքրքրել, ինքը մեկ րոպե հետո հեռացել է: Իմացել է, որ կնոջ առողջական վիճակը վատացել է, շտապ ուղևորվել է Երևան: Արդեն ժամը 15-ն անց 30-ին ինքը Երևանում էր… Ինքն Արայիկ Իրիցյանին մահակով ու ձեռքով չի հարվածել, դրա համար պատճառ չկար…
Արիստակես Բարսեղյանը՝ Արիսը, իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե դեպքի պահին դեպքի վայրում պատահաբար է եղել: Տեսել է իր քավոր Գառնիկ Նիկողոսյանի մեքենան: Մոտեցել է, տեսել է Արայիկ Իրիցյանին, ձեռքը մեկնել է, որ բարևի, Արայիկը ձեռք չի մեկնել, մի տեսակ «իրոնյայով» է խոսել իր հետ: Ինքը նրան ասել է, որ հանգստանա, աջ ձեռքով հրել է նրա «դոշից», նա հետ-հետ է գնացել: Այդքան բան: Ինքը նստել է տաքսի և ուղևորվել է Երևան, իր բարեկամին ճանապարհել է Մոսկվա, մի քանի ժամ հետո իմացել է, որ Արթուր Իրիցյանին սպանել են, իր անունն էլ շրջանառվում է այդ հարցում: Հետո իմացել է, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ինքը դեպքի պահին Արայիկի քթին բռունցքով չի խփել, նրա նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել: Ինքը Արմեն Գորոյանին, Աշոտ Ավետիսյանին, Էդուարդ և Էդգար Սրքոյաններին չի ճանաչել, որևէ մեկի վրա ատրճանակ չի պահել, խուլիգանության դեպքի մասնակից չի եղել…
Տուժող Արայիկ Իրիցյանը նշել է, որ իր համար «մինչև հիմա մութ է, թե ինչի համար է եղել էսքան պատմությունը»: Իմացել է, որ եղբոր ու Գառնիկ Նիկողոսյանի հարաբերությունները լարվել էին, քանի որ նրանց «խառնել են իրար, խոսք են տարել-բերել, երկուսին հանել են իրար դեմ… Եղբայրը գաղտնապահ էր, իրեն շատ բաներ չի ասել…»:
Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արմեն Գորոյանի մեղադրանքը, նրան անմեղ է ճանաչել խուլիգանության մեղադրանքում, դիտավորյալ սպանության մեղադրանքը վերաորակել է որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն:
Արմեն Գորոյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 108 հոդվածով: Վերջին հաշվով Արմեն Գորոյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունվարի 27-ից:
Աշոտ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Նա դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով: Կալանքի տակ գտնված ժամանակահատվածը հաշվակցելով պատժին՝ դատարանը Աշոտ Ավետիսյանին ազատել է տուգանքի ձևով պատժը կրելուց: Ավետիսյանը դատարանի դահլիճում անհապաղ ազատ է արձակվել կալանքից:
Արիստակես Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և դատապարտվել է տուգանքի՝100 հազար դրամի չափով: Այս պատժին հաշվակցվել է կալանքի տակ նրա գտնված երեք օրը, վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 98 հազար դրամի չափով:
Դատարանը ճանաչել ու հռչակել է Գառնիկ Նիկողոսյանի, Էդուարդ և Էդգար Սրքոյանների անմեղությունը խուլիգանության մեղադրանքում: