Նոր-Նորքի զինկոմն ավելի քան 7 ամիս է կալանավորված է. գործն ուղարկվել է դատարան
Կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանի գործով նախաքննություն ավարտվել է:
Զախարյանը 7 ամսից ավել է, ինչ կալանավորված է և գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, մարտի 19-ին Ռաֆայել Զախարյանը ձերբակալվել էր նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում՝ Գ.Վարդանյանից 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո:
Ըստ մեղադրանք՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում Երևանի բնակիչ Գ.Վարդանյանից, վերջինիս որդու օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2 օր անց նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, Ռաֆայել Զախարյանը, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության ( 9X18 ՊՄ) 9մմ տրամաչափի 24 հատ փամփուշտ, որոնք պահել է իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի պահախցիկում:
Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք նաև, որ գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և գտնվում է դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում:
