Նշանածին բռնաբարելու մեջ մեղադրվող նախկին ճանապարհային ոստիկանն իրեն մեղավոր չճանաչեց
32-ամյա Արտուշ Դավթյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին իր նշանածին՝ Ս. Մ-ին առևանգելու և բռնաբարելու համար: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես հանցագործություն չեն արել, որ ինձ մեղավոր ճանաչեմ»,-ասաց նա: Մեղադրող դատախազ Տիգրան Պողոսյանն այսօր հրապարակեց մեղադրակա ճառը՝ համաձայն որի Արտուշ Դավթյանը, տեղեկանալով իր նշանած Ս. Մ-ի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան: Հետո քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազար Ասատրյանի և Լևոն Ակուլյանի հետ նախնական համաձայնությամբ Ա. Բաղդասարյանի «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ Ս. Միքայելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա. Դավթյանի` Երևան քաղաքի բնակարան, որտեղ նույն օրը Ա. Դավթյանը Ս. Մ-ն բռնաբարել է` բռնության գործադրմամբ կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ: Արտուշ Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իսկ նրա գործըներների՝ Լևոն Ակուլյանի և Ղազար Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ , սակայն , որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Տուժողի կենսագրական տվյալները ճշտելիս հայտնի դարձավ, որ նա բարձրագույն կրթություն ունի՝ աշխատում է «Վիվասելում»: Նրա արդեն նախկին նշանած Արտուշ Դավթյանը նույնպես բարձրագույն կրթություն ուներ, նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում, ապա՝ առաքիչ է եղել: Ա. Դավթյանի շահերը դատարանում ներկայացնում է Վաղարշակ Գևորգյանը: Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Արտուշի գործընկերներն էին՝ Լևոն Ակուլյանն ու Ղազար Ասատրյանը :
Մանրամասները` yerkir.am կայքում:
