Օբամայի դեմ 17 նահանգներ հայց են ներկայացրել
Ամերիկյան 17 նահանգների իշխանությունները հայց են ներկայացրել դաշնային իշխանությունների դեմ՝ համարելով, որ անօրինական է Օբամայի կողմից ստորագրված ներգաղթյալների համաներման մասին հրամանագիրը, - հայտնել է Թեքսաս նահանգի դատախազ Գրեգ Էբոթը, որը հայցի նախաձեռնողներից մեկն է:
Նահանգների իշխանությունները պնդում են, որ Օբաման խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, և պահանջում են, որպեսզի դատարանն արգելափակի այդ հրամանագիրը: Հայցվորները մտավախություն ունեն, որ «համաներման մասին» հրամանագիրը կխորացնի հումանիտար ճգնաժամը երկրի հարավային սահմաններին, առաջին հերթին Թեքսասում:
Հայցին միացել են նաև այնպիսի նահանգներ, որոնցից են Ալաբաման, Այդահոն, Միսիսիպին ու Յութան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեսնենք, որ նոյեմբերի վերջին Օբաման, շրջանցելով Կոնգրեսը, հրամանագիր է ստորագրել, որով օրինականացրել է մոտ 4 մլն ներգաղթյալների բնակությունը ԱՄՆ-ում: Դրանք այն մարդիկ են, որոնք 5 տարուց ավելի ապրում են ԱՄՆ-ում եւ ԱՄՆ քաղաքացիների կամ բնակության իրավունք ունեցողների ծնողներ են:
