«Ոչ մի խոշոր տերություն չի կարող միայնակ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը». Los Angeles Times
«Լեռնային Ղարաբաղում զոհվեց ավելի քան 100 մարդ՝ այդ թվում խաղաղ բնակիչներ»,-հիշեցնում է Մանսուր Միրովալյովը Los Angeles Times-ում տպագրված իր հոդվածում: «Մոսկվայի միջամտությամբ ապրիլի 5-ին կնքվեց հրադադար, սակայն այն չի պահպանվում եւ հրաձգությունը շարունակվում է՝ նոր կյանքեր խլելով եւ նոր «քաղաքական փոշի» գոյացնելով»,-նշվում է հոդվածում:
Լրագրողը պատմում է, որ 1991թ.-ին սկսված պատերազմն ավարտվեց 1994-ի հրադադարով, ինչի արդյունքում «հայ անջատողականները» վերահսկողություն սահմանեցին Ռոդ-Այլենդից մի փոքր մեծ տարածքի վրա: Ըստ Միրովալյովի, Հայաստանը ռեսուրսներով աղքատ է, դեպի ծով ելք չունի, բնակչությունը շուրջ 3 մլն է, տառապում է ուղեղների արտահոսքից եւ կախում ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ հատկապես ԱՄՆ-ի հայկական սփյուռքից: Լրագրողն Ադրբեջանին համարում է նավթային տերություն՝ 10 մլն բնակչությամբ, որը ստանում է նաեւ Թուրքիայի քաղաքական աջակցությունը:
«2014թ.-ին Ադրբեջանը պաշտպանական ծախսերն ավելացրել է այնքան, որ այն գերազանցել է Հայաստանի պետական բյուջեն՝ լցնելով ռուսաստանցի զինագործների գրպանները: Ռուսաստանյան սպառազինություն է գնել նաեւ Հայաստանը: Խաղաղ բանակցությունները, որոնց միջնորդ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը, արգելակել են: Հիասթափվելով ձգձգվող բանակցություններից, Ադրբեջանը ամրապնդել է բանակը՝ ԼՂՀ զորքերի հետ շփման գծում տեղակայելով նոր տանկեր, հրետանի եւ ուղղաթիռներ»,-գրում է հեղինակը:
«Բաքուն եւ Երեւանը ժամանակ առ ժամանակ վճռական են, քանի որ գիտեն՝ ինչ-որ մեկն իրենց կհաշտեցնի»,- հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Բորիս Դուբնովը:
«Քառօրյա պատերազմից հետո կողմերի ծանրքաշային-պաշտպաններն անմիջապես մտան խաղի մեջ: Մոսկվան հրադադար պարտադրեց, Իրանն առաջարկեց հանդես գալ միջնորդի դերում, իսկ թուրք նախագահը խոստացավ մինչեւ վերջ կանգնել Ադրբեջանի կողքին»,-գրում է լրագրողը:
«Առճակատումը ցույց տվեց, որ ոչ մի խոշոր տերություն չի կարող միայնակ կարգավորել այս հիմնախնդիրը: Ղարաբաղյան հակամարտության զարգացումը ցույց տվեց նաեւ, որ ներկայիս պայմաններում միայն Վաշինգտոնի եւ Մոսկվայի «բարի կամեցողությունն ու համաձայնությունը» եւ անգամ նրանց փոխգործակցությունը բավարար չէ»,- ըստ ամերիկյան պարբերականի, հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
