Ոչիշխանականները մերժեցին Հովիկ Աբրահամյանին
1in.am-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ-ը մերժել էր, ոչ իշխանական մյուս երեք՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներն էլ կարճ ժամանակ անց մերժեցին քննարկումն ու դուրս եկան Գ. Սահակյանի աշխատասենյակից՝ ասելով, թե մերժում են բովանդակային քննարկումը։
Վերջինս ոչ իշխանականներին առաջարկել էր ձևավորել երեք հոգանոց աշխատանքային խումբ և իր մոտ քննարկել 12 կետերը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներին իրենք նորից առաջարկեցին իրենց նախապայմանը՝ նախ կատարել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրենց առաջարկը, հետո միայն քննարկում կազմակերպել այդ կետերի շուրջ։ Իշխանությունների ներկայացուցիչները մերժել էին դա, իսկ իրենք էլ մերժել էին վարչապետի հետ քննարկումներին մասնակցությունը։
Հիշեցնենք, որ խորհրդակցությանը մասնակցում էին հինգ խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ-ը մերժել էր մասնակցել։ Խորհրդակցությանը ներկա էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյսնը։ Խմբակցությունների ներկայացուցիչները Գ. Սահակյանի և Դ. Հարությունյանի հետ քննարկում էին այսօր վարչապետ Հ. Աբրահամյանի առաջարկը։
