Օդաչուների մարմինները վերադարձնելու այլ տարբերակները միշտ ուժի մեջ են. Սեյրան Օհանյան
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասաց, որ հայկական կողմի ջանքերն առայժմ ուղղված են ադրբեջանական զինված ուժերի կողմից խփված ԼՂՀ ուղղաթիռի 3 օդաչուների մարմինները դուրս բերելու շուրջ առաջացած ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ նախարարը նաև նշեց, որ այդ տարբերակը չաշխատելու դեպքում, այլ տարբերակները միշտ ուժի մեջ են։
«Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն, կարծում ենք՝ մեր հարեւանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը եւ այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն եւ տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը առաջարկում է դիակները փոխանակել գերիների հետ, Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են արել և պետք է պատասխան տան։
«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»:
